tert.am: Այսօր Ազգային ժողովում ԱԺ պատգամավոր Թագուհի Թովմասյանն իր ելույթում անդրադարձավ կառավարության անդամների երեկվա վարքագծին: «Որպես խորհրդարանի նախագահ՝ առնվազն երեկ պետք է միջամտեիք, որ մեր երեք անկախ պատգամավորների հարցերին քմահաճ ձևով կառավարությունը չպատասխանեց: Ես կարծում եմ՝ մենք այնպիսի հարցեր էինք բարձրացրել, որոնց պատասխանն ունի կառավարությունը, և սա դիտարկվում է դիտավորյալ քմահաճ վերաբերմունք՝ ուղղված «Իմ քայլից» դուրս եկած պատգամավորների նկատմամբ»,-ասաց նա՝ դիմելով Ազգային ժողովի նախագահ Արարատ Միրոզյանին:
«Ես Ձեզ հորդորում եմ ավելի ուշադիր լինել բոլոր պատգամավորների նկատմամբ, որովհետև Դուք բոլոր պատգամավորներին եք այստեղ ներկայացնում և նիստը վարում եք արդարության դիրքերից, համենայնդեպս, օրենքը Ձեզ այդպես է պարտադրում»,-ասաց նա և նշեց, որ կարծում է, թե Հրանտ Մաթևոսյանի թանգարանի մասին առեղծվածը հրապարակավ պետք է բացահայտվեր:
Պատգամավորը նկատեց, որ նրա որդին պարկեշտ անձնավորություն է և երբ գրում է, թե բանակցություններում մանանեխի հատիկի չափ տրամաբանություն չկա, ուրեմն հետևությունը պետք աներ կառավարությունը:
Վերջում Թագուհի Թովմասյանը հիշեցրեց Նիկոլ Փաշինյանի՝ ընդդիմադիր եղած շրջանում հայտարարությունը, երբ ասում էր. «Աշխարհի որ ծայրում լինեք, որտեղ լինեք, ինչ պայմաններում էլ լինեք, պարտավոր եք գալ կառավարությունում պատասխանելու պատգամավորների հարցերին»: «Ես հիմա հիշեցնում եմ, որ կառավարությունը պարտավոր է պատասխանել պատգամավորների հարցերին»,-ասաց նա:
Արձագանքելով՝ Արարատ Միրզոյանը ճշգրտում արեց. «Անկախ պատգամավոր չկա, կան խմբագրությունում չընդգրկված պատգամավորներ, սա որքան էլ ֆորմալ, այնքան էլ խորիմաստ ձևակերպում է»: