tert.am: Որևէ թեկնածուի ընտրության, նախորդ բոլոր ընտրությունների դեպքում պատգամավորների անձնական կապերը, նրանց ճանաչելը որևէ ազդեցություն չի ունենում ընտրության արդյունքների վրա: Այսօր այս մասին Ազգային ժողովում, երբ երկրորդ փուլով քննարկվում էր Վճռաբեկ դատարանի դատավորի ընտրության հարցը, ասաց «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Հայկ Կոնջորյանը:
Նա նշեց, որ իրենք հարցերը տալիս են ոչ թե իրենց, այլ ժողովրդի անունից: Խոսելով ԲԴԽ նախագահ Ռուբեն Վարդազարյանի մասին՝ նա ասաց, որ պարոն Վարդազարյանին այն անձանցից է, որն ի պաշտոնե պատասխանատու է դատական համակարգի անաչառության համար:
Պատգամավորն ասաց, թե բոլորը գիտեն, որ արդարադատության խորհրդանիշ Ֆեմիդայի փակ աչքերը խորհրդանշում են նրա անաչառությունը, կշեռքը խորհրդանշում է արդարությունը, սուրը՝ ուժը, և հիմնականում սուրը ցած է իջեցված:
Անդրադառնալով ԲԴԽ նախագահ Ռուբեն Վարդազարյանի հայտարարությանը, որում նա անդրադարձել էր «վնգստացող դատավորների» մասին Նիկոլ Փաշինյանինի արտահայտությանը, Հայկ Կոնջորյանն ասաց, որ պարոն Վարդազարյանը կոնկրետ քաղաքական մարտակոչ է արել: