armtimes.com: Ազգային ժողովում մեկնարկել է Վճռաբեկ դատարանի դատավորի ընտրության փակ- գաղտնի քվեարկությունը: ԱԺ հաշվիչ հանձնախմբի նախագահ Վահագն Հովակիմյանն ասաց, որ քվեարկությունը կավարտվի 12:30-ին:
Հիշեցնենք, որ ԱԺ-ում ընթանում է Վճռաբեկ դատարանի դատավորի ընտրության երկրորդ փուլը: Բարձրագույն դատական խորհուրդը Վճռաբեկ դատարանի դատավորի պաշտոնում առաջադրել է Արսեն Մկրտչյանի և Արմեն Հայկյանցի թեկնածությունները:
Նախորդ քառօրյայի ընթացքում Ազգային ժողովը նույնպես քննարկել է Վճռաբեկ դատարանի դատավորի ընտրության հարցը, սակայն քննարկման ավարտին «Իմ քայլը» խմբակցության ղեկավար Լիլիթ Մակունցը հայտարարել էր, որ խմբակցությունը չի ընտրելու թեկնածուի և այդպիսով իր դիրքորոշումն է արտահայտելու Բարձրագույն դատական խորհրդի նախագահ Ռուբեն Վարդազարյանի գործունեության և հայտարարությունների նկատմամբ:
ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանը հայտարարել էր, որ Վճռաբեկ դատարանի դատավորի ընտրության երկրորդ փուլը կայանալու է այս քառօրյայի ընթացքում: