tert.am: Եվրախորհրդի ղեկավար Շառլ Միշելի՝ Վրաստանի հարցով ներկայացուցիչ Քրիստիան Դանիելսոնը կվերադառնա Վրաստան՝ երկրում քաղաքական ճգնաժամի կարգավորման հարցում միջնորդական առաքելության համար: Այս մասին Եվրախորհրդի ղեկավարը հայտնել է Twitter-ի իր էջում։
«Ամփոփել ենք Դանիելսոնի միջնորդությամբ Վրաստանում արձանագրված առաջընթացի արդյունքները։ Եկել է Վրաստանի քաղաքացիների շահերի համար անհրաժեշտ փոխզիջումներ ձեռնարկելու ժամանակը։ Ներկայացուցիչը (Քրիստիան Դանիելսոնը- Tert.am) կվերադառնա Վրաստան՝ միջնորդական առաքելությունը շարունակելու համար»,- գրել է Միշելը։
Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին ողջունել է Եվրախորհրդի ղեկավարի որոշումը։
«Դա պարզ նշան է, որ ԵՄ-ն ոչ մի տեղ չի հեռանում» -Twitter-ում գրել է Զուրաբիշվիլին։
Հիշեցնենք, որ Վրաստանի նախկին վարչապետ Գիորգի Գախարիան, որը կառավարությունը ղեկավարում էր 2019 թվականի սեպտեմբերից, վարչապետի պաշտոնը լքել է պատգամավոր, «Միասնական ազգային շարժում» ընդդիմադիր կուսակցության նախագահ Նիկա Մելիայի ձերբակալության և այդ հարցի շուրջ իր թիմի հետ տարաձայնությունների ֆոնին։
Մելիայի ձերբակալությունը քաղաքական ճգնաժամ է առաջացրել, որը Վրաստանում սկսվել է դեռևս 2020 թվականի նոյեմբերին, քանի որ ընդդիմությունը չի ճանաչում աշնանը կայացած խորհրդարանական ընտրությունները և հրաժարվում է աշխատել խորհրդարանում:
Նախօրեին լրագրողների հետ զրույցի ժամանակ Գախարիան հայտարարել էր, որ չի հեռանում քաղաքականությունից։