tert.am: ԵՄ արտաքին գործերի և անվտանգության քաղաքականության գերագույն ներկայացուցիչ Ժոզեպ Բորելը Թուրքիային կոչ է արել չեղարկել կանանց նկատմամբ բռնության կանխարգելման և պայքարի մասին Եվրոպայի խորհրդի Ստամբուլյան կոնվենցիայից դուրս գալու որոշումը, փոխանցում է ՏԱՍՍ-ը։
«Ժամանակն է առաջնորդություն ցուցաբերել և ակտիվացնել կանանց ու աղջիկների նկատմամբ բռնության դեմ պայքարի գլոբալ ջանքերը, այլ ոչ թե նահանջել։ Ահա թե ինչու մենք չենք կարող խորը ափսոսանք չհայտնել Ստամբուլի անունը կրող կոնվենցիայից դուրս գալու թուրքական կառավարության որոշման վերաբերյալ»,- ասված է Բորելի հայտարարության մեջ:
Նա նաև հույս է հայտնել, որ Թուրքիան շուտով կրկին կմիանա Եվրամիության` կանանց և աղջիկների իրավունքների պաշտպանության ջանքերին, որը «21-րդ դարում մարդու իրավունքների, խաղաղության, անվտանգության և հավասարության հիմնարար տարրն է»:
Ավելի վաղ Resmi gazete պաշտոնաթերթում հրապարակվել էր Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի ստորագրած որոշումը, որով Թուրքիան դուրս է գալիս Ստամբուլյան կոնվենցիայից: