armenpress.am: ՀՀ ազգային ժողովի փոխնախագահ, «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Ալեն Սիմոնյանը չի բացառում, որ խորհրդարանական ուժերի հետ քննարկումներ կլինեն նոր Ընտրական օրենսգրքով ընտրություններ կազմակերպելու հարցի շուրջ:
Սիմոնյանն այս մասին ասաց մարտի 19-ին լրագրողների հետ ճեպազրույցի ժամանակ:
Հարցին, թե արդյոք իշխանությունը հասցնելո՞ւ է նոր Ընտրական օրենսգրքով ընտրություններ կազմակերպել, թե գուցե որոշ կետեր պարզապես փոխվեն, Սիմոնյանը պատասխանեց, որ այդ հարցի հետ կապված քննարկումներ են ընթանում:
«Չեմ բացառում, որ հընթացս քննարկելու ենք նաև նոր Ընտրական օրենսգիրքը»,- հավելեց Սիմոնյանը:
Հարցին, թե կո՞ղմ է, արդյոք, ռեյտինգային ընտրակարգի պահպանվելուն, Սիմոնյանը պատասխանեց, որ ցանկալի է, որ ռեյտինգային ընտրակարգը չլինի, սակայն ինքը պատրաստ է ՀՀ յուրաքանչյուր ընտրատարածքում որպես ռեյտինգային թեկնածու առաջադրվել:
Հայաստանում հունիսի 20-ին արտահերթ խորհրդարանական ընտրությունների անցկացման մասին հայտարարել է Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանը մարտի 18-ին Ազգային ժողովի «Բարգավաճ Հայաստան» խմբակցության ղեկավար Գագիկ Ծառուկյանի հետ հանդիպումից, ավելի վաղ Հայաստանի Հանրապետության նախագահի, «Իմ քայլը» խմբակցության, «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանի հետ ունեցած քննարկումներից հետո: