tert.am: Կառավարության այսօրվա նիստին ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Մեսրոպ Առաքելյանը ներկայացրեց զինվորական ծառայության ժամանակ հաշմանդամություն ձեռք բերած անձանց իրավունքների պաշտպանության և սոցիալական ներառման միջոցառումների ծրագիրը և ծրագրի իրականացման ժամանակացույցը հաստատելու մասին որոշման նախագիծը։
Նա ներկայացրեց, թե նախագծի ընդունման անհրաժեշտությունը բխում է արցախյան վերջին պատերազմի հետևանքով ու, առհասարակ, զինվորական ծառայության ժամանակ հաշմանդամություն ձեռք բերած անձանց հիմնական իրավունքները պաշտպանելու ու նրանց սոցիալական ներառումը ապահովելու անհրաժեշտությունից։
«Այս համատեքստում պետության կարևորագույն խնդիրներից է ռազմական գործողությունների հետևանքով հաշմանդամություն ձեռք բերած անձանց սոցիալական ներառման ապահովումը՝ սոցիալական, զբաղվածության, կրթական, մշակութային և տնտեսական ծրագրերի և միջոցառումների ամբողջության միջոցով»,-ասաց նա։
Ըստ նախագծի՝ իրականացվող ծառայությունների արդյունավետությունը բարձրացնելու նպատակով առանձին միջոցառումներում կներգրավվեն նաև սփյուռքի կարողությունները՝ մասնագիտական ներուժը, ֆինանսական և նյութական աջակցությունը:
Ամփոփելով՝ Նիկոլ Փաշինյանն էլ ասաց, որ պատերազմի հետևանքով վերջույթների պրոթեզավորման անհրաժեշտություն ունեցող մեր բոլոր զինվորներին ապահովելու են ամենաբարձր չափանիշներին համապատասխանող պրոթեզներով։