tert.am: Ռուսաստանն ու Թուրքիան տարաձայնություններ ունեն Սիրիայի հարցում, սակայն փոխգործակցությունն այնտեղ շարունակվում է, հայտարարել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը, գրում է ria.ru-ն։
Նրա խոսքով՝ Սիրիայում ռուս զինվորականները թուրք գործընկերների հետ սերտորեն համագործակցում են այն պայմանավորվածությունների հիման վրա, որոնք ձեռք են բերվել երկու երկրների նախագահների միջև:
«Իրավիճակն այն շրջաններում, որտեղ իրականացվում է փոխգործակցությունը, բավականին բարդ է մնում, այնտեղ շարունակում են մնալ ահաբեկչական տարրեր, ինչը խանգարում է իրավիճակի կարգավորմանը, բայց, այնուամենայնիվ, փոխգործակցությունը շարունակվում է: Սիրիայի հարցում տարաձայնություններ կան»,- ասել է Պեսկովը։
Ավելի վաղ ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան ՌԽՖՍՀ և Թուրքիայի Ազգային մեծ ժողովի միջև բարեկամության և եղբայրության մասին պայմանագրի ստորագրման 100-ամյակի կապակցությամբ հաղորդագրություն էր տարածել՝ նշելով, որ Ռուսաստանը վերահաստատում է բոլոր ուղղություններով Թուրքիայի հետ կառուցողական փոխգործակցությունն ընդլայնելու պատրաստակամությունը։