1lurer.am: Ադրբեջանում գերեվարման ընթացքում Մարալ Նաջարյանն ընտանիքի հետ կապ է հաստատել Կարմիր խաչի միջազգային կոմիտեի ներկայացուցիչների միջոցով, որոնք նրան պարբերաբար այցելել են, ապա աջակցել հայրենադարձման գործընթացին։
Կառույցի Հայաստանի պատվիրակության հաղորդակցման ծրագրերի ղեկավար Զառա Ամատունին տեղեկացրել է՝ պարբերական են Կարմիր խաչի միջազգային կոմիտեի ներկայացուցիչների այցերը Բաքվում պահվող հայ ռազմագերիներին և քաղաքացիական անձանց:
«Համագործակցելով միմյանց հետ՝ մեր կազմակերպության ներկայացուցչությունները Բաքվում և Բեյրութում աջակցել են իր հայրենադարձմանը: Ինչ վերաբերում է մյուս անձանց, որոնք պահվում են Ադրբեջանում, Կարմիր խաչի միջազգային կոմիտեն շարունակում է տեսակցել բոլոր նրանց, ում մասին պաշտոնական հաստատում է ստացել իշխանությունների կողմից, սակայն վիճակագրական կամ բովանդակային տեղեկություն փոխանցել չեմ կարող»,- տեղեկացրել է Ամատունին: