tert.am: Տվյալ իրավիճակում ես սկզբնաղբյուր չեմ և այդ անձի հետ շփում չի եղել, քանի որ Քլարկ-Հաթթինգը նոր է սկսել աշխատել: Այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ ազգային ժողովի պատգամավոր, եվրոպական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Արման Եղոյանը:
«Այն, որ խնդիրներ կան, դա արդեն ԱԳՆ մամուլի խոսնակը հաստատել է, բայց, թե ինչ խնդիրներ, դա դեռ հարց է: Այսօր դեռ կսպասենք պաշտոնական տեղեկատվությանը գերատեսչություններից: Ես տվյալ հարցերում սկզբնաղբյուր չեմ տվյալ ինֆորմացիայի և երբևէ առիթ չի եղել այդ անձի հետ հանդիպելու և որևէ հարց քննարկելու, քանի որ իրենց հետ մենք չենք շփվում, մեր շփումը Եվրամիության հետ է, ոչ թե ՄԱԿ-ի: UNICEF-ի հետ համագործակցություն չկա, իսկ իր հետ՝ առավել ևս, քանի որ նոր էր եկել»,- ասաց Արման Եղոյանը:
Նա նաև մեկնաբանեց լրտեսության վարկածը՝ ասելով, որ առանց պատկան մարմինների տեղեկատվության՝ չի կարող նման մեկնաբանության տալ, բայց այդ լուրերի մասին լսել է:
«Դա այնքան ծանր մեղադրանք է, որ ես հիմա առանց պատկան մարմինների հաստատման չեմ կարող ենթադրություններ անել, ես չեմ կարող ասել՝ անգործությունն է պատճառը, թե կան այլ խնդիրներ: Պատկան մարմիններից պետք է սպասենք հստակ լուրերի հաստատման, քանի որ իրավիճակի հետ կապված՝ մի քանի ինֆորմացիա դուրս եկավ, մեկը հենց տելեգրամյան ալիքներից մեկում էր՝ լրտեսության հետ կապված, և եթե նման բան կա, ապա դա լրիվ այլ թեմա է: Պետք է հասկանալ՝ որ մեղադրանքն է այստեղ»,- ասաց պատգամավորը: