Սուրեն Պապիկյանը տեսակապով հանդիպում է ունեցել KfW բանկի Արևելյան Եվրոպայի տարածաշրջանային տնօրենի հետ

ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Սուրեն Պապիկյանն այսօր տեսակապով հանդիպում է ունեցել Գերմանական զարգացման բանկի (KfW) Արևելյան Եվրոպայի տարածաշրջանային տնօրեն Օլաֆ Զիմելկայի հետ:

Զրուցակիցները քննարկել են Գերմանական բանկի ֆինանսավորմամբ իրականացվող Կապսի ջրամբարի և ինքնահոս ոռոգման համակարգի կառուցման ծրագրի ընթացքը: Ծրագրի շրջանակում ներկայումս աշխատանքներ են տարվում նախագծի տեխնիկական փորձաքննության և մրցութային գործընթացների վերջնականացման ուղղությամբ։

«Կապսի ջրամբարի կառուցումը ՀՀ կառավարության ուշադրության կենտրոնում գտնվող կենսական ծրագրերից է , որն ունի բնապահպանական, տնտեսական, սոցիալական համալիր ազդեցություն: ՀՀ շահերից է բխում, որ ջրամբարի կառուցման ծրագիրը փոխադրվի ակտիվ շինարարական աշխատանքների փուլ։ Հարկ եմ համարում ընդգծել, որ մենք կենտրոնացրել ենք առկա թիմային և մասնագիտական ողջ ներուժն այն կյանքի կոչելու նպատակով»,- նշել է Սուրեն Պապիկյանը:

Նախարարի խոսքով՝ Կապսի ջրամբարի կառուցումը կարևորվում է նաև տարածաշրջանի ջրային ռեսուրսներն արդյունավետ կառավարելու, տեղի բնակչության կենսամակարդակի բարելավման, գյուղատնտեսական արդյունավետության և պարենային ապահովման տեսանկյունից: 

Նախարարը հավելել է, որ ՀՀ կառավարությունը հաստատակամ է՝ լուծելու նախորդ տարիներին կուտակված խնդիրները և հաղթահարելու ծրագրում ի հայտ եկող այն խոչընդոտները, որոնք պայմանավորված են կորոնավիրուսի համավարակի և հետպատերազմական դժվարություններով։

Օլաֆ Զիմելկան նույնպես վերահաստատել է բանկի պատրաստակամությունը շարունակելու ջրամբարի կառուցման ծրագիրը և վստահություն հայտնել, որ գերատեսչության և բանկի միջև ստեղծված գործընկերային միջավայրը թույլ կտա առաջիկայում լուծել ֆինանսական և շինարարական աշխատանքների ժամկետներին առնչվող խնդիրները : 

Հանդիպման արդյունքներով պայմանավորվածություն է ձեռք բերվել շարունակել քննարկումները ծրագրերի շարունակականությունն ապահովելու և առկա խոչընդոտները կարգավորելու ուղղությամբ։ Ծրագրի շրջանակում գործողությունների հետագա պլանը հստակեցնելու և աշխատանքներին ինտենսիվություն հաղորդելու նպատակով կստեղծվի ղեկավար կոմիտե, որը հայկական կողմից կղեկավարի ՏԿԵ նախարար Սուրեն Պապիկյանը։

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև

Թողնել մեկնաբանություն

Ձեր էլփոստի հասցեն չի հրապարակվի: Պարտադիր դաշտերը նշված են *-ով