1lurer.am: ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Նազելի Բաղդասարյանը ԱԺ-Կառավարություն հարցուպատասխանի ժամանակ ԱԳ նախարարին խնդրեց մեկնաբանել Ադրբեջանի նախագահի վերջին հարցազրույցում արված խնդրահարույց ձևակերպումները, մասնավորապես՝ գերեվերված անձանց վերաբերյալ:
Արա Այվազյանը նշեց, որ փոխվարչապետ Տիգրան Ավինյանի գլխավորությամբ միջգերատեսչական հանձնաժողով է ստեղծվել, և յուրաքանչյուրն իր ոլորտում կատարում է իր աշխատանքը:
ԱԳ նախարարը հիշեցրեց, որ Ադրբեջանի նախագահի հայտարարությունների վերաբերյալ Արտաքին գործերի նախարարությունը, ինքը և մամուլի խոսնակը արտահայտել են իրենց կարծիքը՝ նշելով, որ հումանիտար այս կարևորագույն հարցը քաղաքականացնելն անընդունելի է, ինչը նաև, Այվազյանի խոսքով, հաստատվում է միջազգային հանրության տարբեր դերակատարների կողմից:
Նա ասաց, որ տարբեր երկրների ղեկավարներ, միջազգային կառույցներ արդեն ավելացնում են Ադրբեջանի հանդեպ միջազգային ճնշումն այդ հարցում՝ հավելելով, որ երեկ Իտալիայի խորհրդարանը նույնպես ընդունել է բանաձև՝ կոչ անելով Ադրբեջանին անհապաղ լուծում տալ այս հումանիտար կարևոր հարցին:
Անդրադառնալով գերիների վերադարձի շուրջ իրականացվող քայլերին՝ Այվազյանն ասաց, որ տարածաշրջանում Ռուսաստանն ունի կարևոր դերակատարում և տարբեր խողովակներով նախագահ Պուտինի, ԱԳ նախարար Լավրովի և պաշտպանության նախարար Շոյգուի միջոցով անմիջական շփումներ են տեղի ունենում այդ հարցի ուղղությամբ:
«Ռուսական կողմը հետևողականորեն այս հարցը բարձրացնում է Ադրբեջանի ղեկավարության մոտ: Այս հարցը հատուկ շեշտադրում է ունեցել իմ զրույցներում՝ Մինսկի խմբի համանախագահ երկրների դեսպանների և արտաքին գերատեսչությունների ղեկավարների մակարդակում: Այդ հարցը բազմաթիվ իմ հեռախոսազրույցների ընթացքում արտասահմանյան գործընկերների հետ առաջնային կարևորության է արժանանում, միջազգային կազմակերպություններում տարբեր ուղղություններով աշխատանք է տարվում, և եթե հետևում եք արձագանքներին, ապա ակնհայտ է, որ Ադրբեջանի համար այս հարցը դառնում է իսկապես խնդրահարույց»,- ասաց ԱԳ նախարարը: