1lurer.am: Եթե Նիկոլ Փաշինյանի որոշմամբ, այնուամենայնիվ, Օնիկ Գասպարյանն ազատվի Գլխավոր շտաբի պետի պաշտոնից, իմ տեղեկություններով՝ բանակը չի ենթարկվի այդ որոշմանը: Այդ մասին Բաղրամյան պողոտայում լրագրողների հետ ճեպազրույցում ասաց ընդդիմության վարչապետի միասնական թեկնածու Վազգեն Մանուկյանը:
«Իմ կարծիքով՝ բանակը չի ենթարկվի, իսկ եթե ենթարկվի, ապա դա նշանակում է, որ Արմեն Սարգսյանն իր այս քայլով անուղղակիորեն ջարդում է բանակը»,- նշեց նա:
Անդրադառնալով նախագահի հետ հանդիպմանը՝ Մանուկյանն ասաց, որ իր տպավորությամբ՝ Արմեն Սարգսյանը մտահոգված է օրենքի կատարումից, ինչպես նաև՝ ինչ բորբոքվածություն կառաջացնի այն հանրության շրջանում:
«Այնուամենայնիվ, կարծում եմ՝ բոլորն էլ ցանկություն ունեն, որ Հայաստանում հարցերը լուծվեն առանց մեծ բորբոքվածության»,- նշեց ընդդիմության վարչապետի միասնական թեկնածուն՝ հույս հայտնելով, որ նախագահը, ի վերջո, ԳՇ պետի հարցով կդիմի Սահմանադրական դատարան:
Ավելի վաղ ՀՀ ՊՆ-ն հանդես էր եկել հայտարարությամբ՝ կոչ անելով զերծ մնալ Զինված ուժերի անունից հայտարարություններ անելուց, բանակը չներքաշել քաղաքական պրոցեսների մեջ:
Հայտարարության մեջ մասնավորապես ասվում էր, որ Զինված ուժերը դուրս են քաղաքականությունից և հետևողականորեն շարունակելու են բարեփոխումների իրականացմանն ու պաշտպանության բնագավառի արդիականացմանն ուղղված քայլերը: