tert.am: Ամերիկայի Միացյալ Նահագների առևտրի նախարարությունը հրապարակել է ընկերությունների ցանկը, որոնց նկատմամբ սահմանափակումներ են կիրառվել ռուս ընդդիմադիր գործիչ Ալեքսեյ Նավալնիի շուրջ ստեղծված իրավիճակի պատճառով, գրում է ՏԱՍՍ-ը։
Մասնավորապես, ԱՄՆ-ն պատժամիջոցներ է սահմանել 14 կազմակերպությունների, այդ թվում՝ 10 ռուսական, 3 գերմանական և 1 շվեյցարական, ինչպես նաև ՌԴ բարձրաստիճան պաշտոնատար 7 անձանց նկատմամբ, որոնք գործել են ԱՄՆ արտաքին քաղաքականության և ազգային անվտանգության շահերին հակառակ։
Միևնույն ժամանակ ցուցակում հայտնված ռուսական ընկերությունների թվում է ՌԴ պաշտպանության նախարարության 27-րդ գիտական կենտրոնը։
ԱՄՆ գերատեսչության պնդմամբ՝ այս բոլոր ընկերությունները ինչ-որ կերպ մասնակցել են զանգվածային ոչնչացման զենքի ռուսական ծրագրերին։
ԱՄՆ-ն ակնկալում է գործել երկու գործադիր հրամաններով՝ համար 13661-ով, որը տրվել է Ռուսաստանի կողմից Ղրիմ ներխուժելուց հետո և լայն լիազորություններ է սահմանում ռուսաստանցի պաշտոնյաներին թիրախավորելու համար, և 13382-ով, որը ստորագրվել է 2005 թվականին՝ զանգվածային ոչնչացման զենքի տարածման դեմ պայքարելու նպատակով: