tert.am: Երևանն ու Մոսկվան դիտարկում են Գյումրիի 102-րդ ռազմաբազայի մաս կազմող որոշակի զորամիավորումը Հայաստանի արևելքում վերատեղակայելու հավանականությունը: Այս մասին «ՌԻԱ Նովոստի» գործակալությանը տված հարցազրույցում ասել է Հայաստանի պաշտպանության նախարար Վաղարշակ Հարությունյանը:
«Ավելի ճիշտ կլինի խոսել ռուսական ռազմաբազայի կազմից որևէ զորամիավորման՝ Հայաստանի արևելյան ուղղությամբ վերատեղակայման մասին (հաշվի առնելով դրա ընդլայնումը), և այդ համատեքստում համատեղ համապատասխան քննարկումներ են տեղի ունենում»,- ասել է Հարությունյանը:
Բացի այդ, նրա խոսքով՝ Հայաստանում գտնվող ռուս սահմանապահներին լրացուցիչ գործառույթներ են վերապահվում:
«Իրականում ռուս սահմանապահներին հավելյալ գործառույթներ են վերապահվում անվտանգության ապահովման և Հայաստանի ու Ադրբեջանի միջև սահմանի պաշտպանության հարցով: Կասկած չունեմ, որ մեր պետությունների սահմանապահ ծառայությունների գծով սերտ և արդյունավետ համագործակցություն է ծավալվում, ինչպես և այն հարցում, որ Հայաստանում գտնվող ռուս սահմանապահների ստանձնած առաջադրանքները կկատարվեն ամենաբարձր մակարդակով»,- նշել է պաշտպանության նախարարը:
Վերջինս հավելել է, որ մինչև Ղարաբաղում վերսկսված հակամարտությունը, ՌԴ Անվտանգության դաշնային ծառայության սահմանավահ վարչության անձնակազմը Հայաստանում պատասխատու է եղել երկրի տարածքով անցնող Անկախ պետությունների համագործակցության սահմանների պահպանման և անվտանգության ապահովման առաջադրանքների կատարման համար: