tert.am: «Մեծ յոթնյակ»-ի (G7) անդամ երկրները (Կանադա, Ֆրանսիա, Գերմանիա, Իտալիա, Ճապոնիա, Միացյալ Թագավորություն և ԱՄՆ) խոստացել են գրեթե 7 միլիարդ ԱՄՆ դոլար լրացուցիչ ֆինանսավորում տրամադրել աշխարհի ամենաաղքատ երկրներին՝ կորոնավիրուսի դեմ պատվաստանյութերի մատակարարումն արագացնելու համար, գրում է The Guardian-ը:
Այս մասին անդամ երկրների առաջնորդները խոսել են առցանց գագաթնաժողովի ժամանակ, որը կազմակերպել էր Մեծ Բրիտանիայի վարչապետ Բորիս Ջոնսոնը:
Նշվում է՝ մոտ 2 ժամ տևողությամբ հանդիպման ժամանակ Ջոնսոնը կազմակերպիչներից խնդրել է առավել մանրամասն ներկայացնել խոստումների ժամկետների և բովանդակության մանրամասները:
Մասնավորապես, գագաթնաժողովի ժամանակ Ջոնսոնն ասել է՝ Մեծ Բրիտանիան իր պատվաստանյութերի ավելցուկի մեծ մասը կտրամադրի ՄԱԿ-ի կողմից ղեկավարվող Covax համակարգին՝ աշխարհի ամենաաղքատ երկրներին պատվաստանյութերով մատակարարելու նպատակով:
Բացի այդ՝ Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը հայտնել է՝ Արևմուտքը պետք է ուշադրություն դարձնի Աֆրիկայի 6,5 միլիոն բուժաշխատողներին, որոնց պատվաստելու համար ընդհանուր առմամբ պահանջվում է 13 միլիոն դեղաչափ:
Ինչ վերաբերում է ԱՄՆ-ին, ապա նախագահ Բայդենի վարչակազմը խոստացել է պայմականորեն 4 միլիարդ դոլար տրամադրել Covax-ին: Միևնույն ժամանակ Եվրամիության անդամ երկրներն ընդհանուր առմամբ կներդնեն 1,6 միլիարդ դոլար, իսկ Գերմանիան համակարգին առանձին կտա 1,8 միլիարդ դոլար՝ ավելացնելով իր ավելի վաղ կատարած 800 միլիոն երդումը: Բացի այդ, Մեծ Բրիտանիան արդեն իսկ 7,6 միլիոն դոլար է տրամադրել Covax-ին: