armtimes.com: Փետրվարի 19-ին սպասվում էր Մեծ յոթնյակի երկրների՝ G7-ի ղեկավարների հանդիպումը: Այն մեկնարկել է՝ այս անգամ՝ տեսակոնֆերանսի միջոցով: Հանդիպումն այս անգամ իրականացվում է Մեծ Բրիտանիայի գլխավորությամբ, երկիրն այս տարի նախագահում է աշխարհի տնտեսապես զարգացած յոթ երկրների ոչ պաշտոնական ասոցիացիան:
Հանդիպումը սկսվել է երեկոյան , ակնկալվում էր, որ կտևի մոտ երկու ժամ:
Այս գագաթնաժողովն առաջինն է 2020 թվականի ապրիլից ի վեր: Մասնակցում են վարչապետները՝ Մեծ Բրիտանիայից Բորիս Ջոնսոնը, Իտալիայից՝ Մարիո Դրագին, Կանադայից՝Ջասթին Թրյուդոն, Ճապոնիայից՝ Յոսիհիդե Սուգան, Ամերիկայի Միացյալ Նահանգների և Ֆրանսիայի նախագահները՝ Ջոզեֆ Բայդենն ու Էմանուել Մակրոնը, Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը, Եվրամիության ներկայացուցիչները ՝ Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելը և Եվրոպական հանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լյայենը : Այս ձևաչափով սա առաջին հանդիպումն է երեք երկրների ՝ Իտալիայի, ԱՄՆ-ի և Ճապոնիայի ղեկավարների, ինչպես նաև Եվրամիության ղեկավարության համար:
«Քննարկման հիմնական թեման կլինի համաճարակի դեմ պայքարի միասնական և գլոբալ մոտեցման զարգացումը, «որը կվերացնի ազգայնական և պառակտիչ քաղաքականությունը, որը ստվեր է նետել կորոնավիրուսի դեմ պայքարի նախնական ջանքերին», – ասել է Բրիտանիայի կառավարության ղեկավարը Մեծ յոթնյակի երկրների ղեկավարների հանդիպմանն ընդառաջ, որն այս անգամ նախատեսված է անցկացնել փակ դռների հետևում:
«Համաճարակի վերջին տասներկու ամիսները ցույց տվեցին, որ ոչ մի երկիր չի կարող ապահով լինել, քանի դեռ բոլոր երկրները չեն պաշտպանվել համաճարակից՝ համատարած պատվաստումների միջոցով», – վստահ է Մեծ Բրիտանիայի ղեկավարը՝ հավատալով, որ պատվաստանյութերի ներդրումը «նոր հնարավորություն է տալիս ցույց տալու միջազգային համագործակցության արժեքը: Ջոնսոնը խոստացել է հորդորել G7- ի առաջնորդներին աջակցել ջանքերին ՝ նոր հիվանդությունների դեմ պատվաստանյութեր պատրաստելու ժամանակը հարյուր օրով կրճատելու համար:
Դաունինգ Սթրիթից հայտնել են, որ Մեծ Բրիտանիան ակնկալում է, որ G7- ի առաջնորդները «վերահաստատելու են իրենց աջակցությունը Միացյալ Թագավորության առողջապահական գերակայություններին և քննարկելու են գլոբալ մարտահրավերները լուծելու և կորոնավիրուսից կայուն կանաչ վերականգնում ապահովելու ավելի լայն ջանքեր, ինչպես նաև միջազգային քաղաքականության մի շարք խնդիրներ»:
ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը մտադիր է անհապաղ 2 մլրդ դոլար հատկացնել COVAX միջազգային նախաձեռնությանը օժանդակելու համար և այդ քայլի մասին հայտարարել G7- ի այս հանդիպման ժամանա, հաղորդում է Reuters- ը:
Մնացած 2 միլիարդ դոլարը կփոխանցվի երկու տարվա ընթացքում,երբ երկրները կսկսեն կատարել իրենց ստանձնած պարտավորությունները: «Մենք ուզում ենք, որ այս 2 միլիարդ դոլարը բազմապատկվի՝ վերածվելով առնվազն 15 միլիարդ դոլարի», – մեկնաբանել է ամերիկացի պաշտոնյաներից մեկն այս նախաձեռնությունը՝ գնահատելով պատվաստումների համաշխարհային արշավի համար անհրաժեշտ ընդհանուր գումարը:
Կարդալ ավելին՝ armtimes.com-ում։