tert.am: Մյանմարում տեղի ունեցած ռազմական հեղաշրջումից հետո ԱՄՆ-ի նախագահ Ջո Բայդենը սպառնացել է վերականգնել երկրի նկատմամբ պատժամիջոցները, միևնույն ժամանակ միջազգայնորեն համաձայնեցված արձագանքի կոչ է արել՝ ռազմական ուժերից պահանջելով լքել իշխանությունը: Այս մասին հայտնում է Al Jazeera լրատվական գործակալությունը:
Բայդենը դատապարտել է երկուշաբթի օրը զինվորականների կողմից իրականացված հեղաշրջումը և երկրի ընտրված առաջնորդ Աուն Սան Սու Չժի կալանավորումը՝ կատարվածը որակելով որպես «ուղղակի հարձակում երկրի ժողովրդավարության և օրենքի գերակայության» դեմ:
Հեղաշրջման շուրջ հազվադեպ պատահող քաղաքական համաձայնություն կա նաև դեմոկրատների և բարձրաստիճան հանրապետականների միջև, քանի որ բոլորն էլ դատապարտել են ռազմական իշխանության գործողությունները Մյանմարում:
«Միջազգային հանրությունը պետք է համախմբվի՝ միաձայն ճնշելու Բիրմայի (Մյանմար) զինված ուժերին, որպեսզի անհապաղ հրաժարվեն իրենց վերցրած իշխանությունից, ազատեն ձերբակալած ակտիվիստներին և պաշտոնյաներին», – ասել է Բայդենն իր հայտարարության մեջ և հավելել, որ Բիրմայի նկատմամբ պատժամիջոցները վերացվել էին՝ պայմանավորված ժողովրդավարությանն անցման գործընթացով: Սակայն այժմ, ըստ Բայդենի, անհրաժեշտ է անհապաղ վերանայել ամերիկյան պատժամիջոցների վերաբերյալ օրենքն ու լիազորությունները, որոնց էլ կհաջորդեն համապատասխան գործողությունները:
«Մենք համագործակցելու ենք տարածաշրջանի և աշխարհի մեր գործընկերների հետ ՝ աջակցելու ժողովրդավարության և օրենքի գերակայության վերականգնմանը, ինչպես նաև պատասխանատվության ենթարկելու Բիրմայի ժողովրդավարական անցումը տապալելու փորձի պատասխանատուներին», – ասել է Միացյալ Նահանգների նախագահը:
Ըստ տեղեկությունների, ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդը նախատեսում է երեքշաբթի օրը կայանալիք փակ նիստում քննարկել Մյանմարի հարցը: