armtimes.com: Հունվարի 25-ին Կոտայքի մարզի Աբովյան քաղաքի Խ․ Աբովյանի անվան թիվ 1 ավագ դպրոցի անձնակազմը բողոքի ակցիա էր անում ԿԳՄՍ նախարարության շենքի դիմաց։
Ուսուցիչները հանդիպում էին պահանջում կա՛մ ԿԳՄՍ նախարարի, կա՛մ այլ ներկայացուցչի հետ։ Նրանց պահանջն էր, որ պաշտոնավարումը շարունակի գործող տնօրեն Մետաքսյա Բաբայանը, այլ ոչ թե տնօրենի նոր թեկնածուն։ Ի վերջո, ակցիայի մասնակիցներից 6 հոգի ԿԳՄՍՆ շենքում հանդիպման էին հրավիրվել։
Ինչպես փոխանցեցին կրթության, գիտության մշակույթի, սպորտի նախարարության լրատվական վարչությունից, ուսուցիչները, այդ թվում՝ գործող տնօրենը և նոր թեկնածուն, հանդիպել են ԿԳՄՍՆ փոխնախարար Ժաննա Անդրեասյանի հետ։ Փոխնախարարը լսել և գրավոր ընդունել է երկու կողմերի առաջարկ-դժգոհությունները։ Առաջիկա օրերին էլ որոշումը կընդունվի։