tert.am: Կանադայի վարչապետ Ջասթին Թրյուդոն և ԱՄՆ-ի նախագահ Ջո Բայդենը հեռախոսազրույց են ունեցել և պայմանավորվել հաջորդ ամիս կայանալիք հանդիպման մասին, որի ձևաչափը, համաձայն կանադական աղբյուրի, դեռևս հստակեցված չէ: Այս մասին հայտնում է REUTERS լրատվական գործակալությունը:
Լրատվականը նշում է, որ Թրյուդոն առաջին արտասահմանցի ղեկավարն է, որը շնորհավորել է Բայդենին` երդմնակալության արարողության առթիվ: Զրույցի ընթացքում երկու երկրների ղեկավարները կարևորել են ԱՄՆ-Կանադա հարաբերությունների ռազմավարական նշանակությունն ու քննարկել լայնածավալ օրակարգով համագործակցությունը՝ ներառյալ կորոնավիրուսային համաճարակի դեմ պայքարը:
«Բայդենը իսկապես սիրում է Կանադան: Նա հասկանում է, որ մենք Միացյալ Նահանգների գործընկերն ու դաշնակիցն ենք, ինչը վերջին չորս տարիներից հետո կտրուկ փոփոխություն է», – ասել է կանադական գաղտնի աղբյուրը:
Երկու երկրների ղեկավարները խոսել են կլիմայի փոփոխության հետևանքով առաջացած խնդիրները լուծելու կարևորության, մայրացամաքային և Արկտիկայի պաշտպանության ոլորտում համագործակցության ընդլայնման և Կանադայի փափուկ փայտանյութի արտահանման մաքսատուրքերի փոփոխության անհրաժեշտության մասին: