1lurer.am: ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Ստանիսլավ Զասը ամանորյա ուղերձով դիմել է գործընկերներին:
«Մոտենում է Նոր տարին, որի հետ բոլորս կապում են լավագույնը:
Անցնող 2020-ը լուրջ փորձություն էր բոլորիս համար՝ փոխելով շատերի կյանքի սովորական ռիթմը և առաջնահերթություն դարձնելով համավարակից մարդկության պաշտպանությունը: Պետության և քաղաքացիական հասարակության ամրության լրացուցիչ փորձությունների ենթարկվեցին Բելառուսը, Ղրղըզստանը և Հայաստանը:
Նման պայմաններում հատկապես հստակ գիտակցում ենք ժամանակակից աշխարհի խոցելիությունն ու փխրունությունը, ինչպես նաև յուրաքանչյուրիս պատասխանատվությունը մեր հայրենիքի անվտանգության և բարեկեցության համար:
Այս դժվար ժամանակաշրջանում մեր երկրները դաշնակցային համերաշխություն և փոխօգնություն ցուցաբերեցին դժվարին, երբեմն ողբերգական իրավիճակներում: Սա ևս մեկ անգամ հաստատում է Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության անվերապահ կարևորությունն ու նշանակությունը և ցույց է տալիս մեր պետությունների բարեկամությունը:
2020-ին ՀԱՊԿ-ն ընդունել է մի շարք կարևոր ռազմավարական փաստաթղթեր՝ ռազմական ոլորտում հավաքական անվտանգության համակարգի զարգացման, քաղաքական համագործակցության և մարտահրավերներին ու սպառնալիքներին համատեղ հակազդելու վերաբերյալ: Ամրապնդվել է համագործակցությունն ահաբեկչության, ծայրահեղականության և թմրանյութերի շրջանառության դեմ պայքարում: Ուժեղացվել է ՀԱՊԿ խաղաղապահ բաղադրիչը:
Գալիք 2021-ին մենք վճռական ենք տրամադրված՝ շարունակելու պաշտպանել ՀԱՊԿ անդամ պետությունների շահերը, խաղաղությունն ու կայունությունը, ինչպես նաև ընդլայնելու համագործակցությունն արտաքին գործընկերների հետ: Համոզված եմ, որ միասին կկարողանանք հաղթահարել ցանկացած մարտահրավեր և եվրասիական տարածքում ապահովել կոլեկտիվ անվտանգությունը:
Բոլորիդ մաղթում եմ քաջառողջություն, վստահություն սեփական ուժերին և նոր ձեռքբերումներ:
Շնորհավոր Նոր տարի»,-ասել է ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Ստանիսլավ Զասը: