Հումանիտար աջակցություն, դասընթացներ և արշավներ․ տարբեր անհատներ և կազմակերպություններ աջակցում են Արցախից Հայաստան տեղափոխված մարդկանց

Արցախյան վերջին պատերազմի ընթացքում բազմաթիվ արցախցիներ տեղափոխվեցին և ժամանակավորապես բնակություն հաստատեցին Երևանում ու տարբեր մարզերում։ Ե՛վ պատերազմի ընթացքում, և՛ պատերազմից հետո Արցախից տեղահանված ընտանիքներին աջակցություն էին տրամադրում ոչ միայն աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունն ու տեղական ինքնակառավարման մարմինները, այլև անհատները, նախաձեռնությունները և տարբեր կազմակերպություններ։ Infocom-ը որոշել է պատմել այդպիսի անհատների և կազմակերպությունների մասին։

 

Կրթության հնարավորությունից զրկված արցախցի երեխաների համար դասընթացներ Գյումրիում

Սոնա Մկրտչյանը, որը պատերազմի օրերին կամավոր էր աշխատանքի և սոցիալական հարցրեի նախարարությունում, իմանում է, որ Գյումրիի գիշերօթիկներից մեկում Արցախից եկած ընտանիքներ են ապաստանել։ Քանի որ այնտեղ ապաստանած երեխաներն ու երիտասարդները զրկված էին կրթություն ստանալու հնարավորությունից, Սոնան և նրա ընկերներից մեկը՝ Սամվելը, որոշում են երեխաների հետ ոչ ֆորմալ կրթական ծրագիր իրականացնել։ Սոնան պատմում է՝ երեխաները հոգեբանական այնպիսի վիճակում էին, որ ֆորմալ կրթությունն օգնելու փոխարեն կարող էր խանգարել: 

Այսպիսով, նրանք սկսում են համագործակցել Գյումրիի «Ազգային արժեք» ակումբի հետ, որը նրանց ջեռուցվող մեծ տարածք է տրամադրում, իսկ ակումբի կամավորները, որոնք տարբեր մասնագիություններ ունեն, սկսում են երեխաների հետ դասընթացներ անցկացնել։


Նախաձեռնությունը չի ֆինանսավորվում, ամբողջ աշխատանքը կատարվում է կամավորական հիմունքներով։ Քանի որ գիշերօթիկում ապաստանածները տարիքային տարբեր խմբեր ունեն` տարրական դասարանի աշակերտներից մինչև ուսանողներ, նրանց բաժանել են փոքրերի և մեծերի խմբերի:

«Փոքրերի խմբերի հետ հիմնականում զարգացնող խաղեր ենք խաղում, խոսում ենք Հայաստանի տեսարժան վայրերի մասին, դա զուգորդում ենք երգ ու պարով»,- պատմում է Սոնան։

Իսկ մեծերի խմբին փորձում են անհրաժեշտ հմտություններ սովորեցնել, քանի որ, ինչպես Սոնան է ասում, պատերազմի հետևանքով նրանց մոտ ապագայի մասին պատկերացումները շատ լղոզված են։

Սկզբում երեխաներին գիշերօթիկից ակումբ հասցնելու համար տրանսպորտի խնդիր են ունեցել, հարցը չեն կարողացել լուծել: Ի վերջո «Ազգային արժեք» ակումբի հիմնադիրներն են տրամադրել իրենց անձնական մեքենաները, և երեխաներն ամեն շաբաթ-կիրակի գալիս են դասերի։

Կամավորները դասերը սկսելուց առաջ աշխատել են հոգեբանի հետ։ «Հոգեբանն ակումբի կամավորների հետ դասընթաց արեց` ինչպես աշխատել երեխաների հետ, որովհետև մեկի հայրն էր մահացել, մեկի եղբայրը գերի էր: Երեխաները հարցնում էին` բա իմ պապան ե՞րբ կգա… Հոգեբանը սովորեցնում էր` ինչպես էդ հարցերին ճիշտ պատասխանել»,- պատմում է Սոնան։ 

Այժմ փորձում են լուծել նաև երեխաների զբաղվածության հարցը։ Սոնան պատմում է, որ, օրինակ,  ռազմագիտությամբ հետաքրքրված երեխաներ կան, փորձում են պայմանավորվել Գյումրիում գործող ավիամոդելավորման խմբակի ղեկավարության հետ, որ երեխաները կարողանան մասնակցել խմբակին։

Սոնան ասում է՝ նախաձեռնությունն իրականացնելիս հասկացել են, որ կրթական նյութերի պակաս ունեն, դրա համար էլ որոշել են ընկերների միջոցով հանգանակություն անել։ Անհրաժեշտ գումարի մեծ մասն արդեն հավաքվել է, գնել են անհրաժեշտ նյութերը, նաև` երեխաների համար ամանորյա նվերներ։

Իսկ նախաձեռնությունը կշարունակվի այնքան ժամանակ, քանի դեռ երեխաները Գյումրիում կլինեն։

 

Հումանիտար աջակցություն՝ Արցախից եկած ընտանիքների համար

«Հայ առաջադեմ երիտասարդություն» հասարակական կազմակերպությունն իրականացնում է կրթական ծրագրեր, սակայն կորոնավիրուսային համավարակի տարածումից հետո կրթական ծրագրերը տեղափոխել է օնլայն հարթակ և սկսել է կարիք ունեցող մարդկանց տրամադրել սոցիալական աջակցություն։

ՀԿ-ի ղեկավար Գրիգոր Երիցյանը պատմում է, որ Արցախյան պատերազմի սկսվելու հենց երկրորդ օրը, համագործակցելով աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության, Երևանի քաղաքապետարանի, Արարատի մարզպետարանի և համայնքապետարանների հետ, որոշել են արագ արձագանքման շտաբ բացել և օգնել Արցախից տեղահանված ընտանիքներին։ Փորձել են արձագանքել հիմնականում այն դեպքերին, որոնց նախարարությունը, ՏԻՄ-երը չեն կարողացել արձագանքել, իսկ անհրաժեշտ օգնությունը կարիք ունեցողներին հասցրել են կամավորների ցանցի միջոցով։

«Մոտ մեկ ամիս աշխատեցինք վառվող դեպքերը հանգցնելու համար այն տեղերում, որտեղ չկար սնունդ․ դրանք կլինեին հյուրանոցներ, հյուրատներ, թե պարզապես հյուրընկալ ընտանիքներ։ Մեր գրասենյակը դարձել էր հագուստի և սննդի պահեստ: Մեկ ամիս շարունակվեց այդ ֆորմատով աշխատանքը, մինչև հասկացանք, որ մեր ռեսուրսները բավարար չեն, և պետք է ընդլայնվենք»,- պատմում է Գրիգոր Երիցյանը:

ՀԿ-ն այս ընթացքում համագործակցել է ինչպես անհատների, նախաձեռնությունների, այլ ՀԿ-ների, այնպես էլ բիզնես սեկտորի, միջազգային կազմակերպությունների հետ: Նաև որոշել են, որ պիտի պահեստ ունենան և Էրեբունի համայնքում պահեստ են բացել, որը մինչև հիմա էլ գործում է։

«Միջազգային գործընկերների շնորհիվ ձեռք բերեցինք նաև ֆինանսական միջոցներ, որպեսզի մեր աշխարհագրությունն ու շահառուների քանակը մեծացնենք և շուրջ 40 հազար անձի կարողանանք օգնել մինչև մարտի սկիզբ: Զուգահեռ կարողացանք այստեղ բերել հումանիտար օգնություն` վառարանների, տաքացուցիչների տեսքով»,- պատմում է Գրիգոր Երիցյանը:

Նա հիշում է, որ պատերազմի օրերին իրենց աշխատանքներին կամավոր մասնակցել ցանկացող մարդիկ շատ էին, երբեմն նույնիսկ ավելի շատ, քան իրենք կարիք ունեին, իսկ հիմա ալիքը մի փոքր մարել է։

ՀԿ-ն աջակցության ծրագրեր մինչ այս պահն իրականացրել է Երևանում և Արարատի մարզում, սակայն աջակցության աշխարհագրությունն ընդլայնվելու է՝ ընդգրկելով նաև Կոտայքի, Արագածոտնի, Արմավիրի, Վայոց ձորի մարզերը:

Գրիգոր Երիցյանի խոսքով՝ իրենց համար բարդ է եղել փոխել կազմակերպության հիմնական մանդատը՝ կրթական ծրագրեր իրականացնելը, և քանի որ հումանիտար ոլորտը սպեցիֆիկ է, այս ընթացքում աշխատանքի են վերցրել հոգեբանի, սոցիալական աշխատողների։ 

Հիմա նաև հոգեբանական ծառայություններ են մատուցում երեխաներին, իսկ  Ամանորի կապակցությամբ միջոցառումներ են եղել: 

Ըստ Գրիգոր Երիցյանի՝ կարևոր է ոչ միայն հումանիտար աջակցությունը, այլև տեղահանված արցախցիների զբաղվածության խնդիրը լուծելը։ Մտադիր են սկսել աշխատանքի տեղավորման, զբաղվածության դասընթացներ,  բացել հոգեբանական ակումբներ:

«Փորձում ենք անել ամեն ինչ, որ ոչ միայն մեկանգամյա, երկուանգամյա, այլև երկարատև աջակցություն տանք ընտանիքին, որը մնացել է այստեղ` ի վերջո անցնելով ավելի կրթական, զարգացման ծրագրերին, որպեսզի մարդիկ ինքնուրույն սկսեն վաստակել իրենց արժանապատիվ ապրուստը և հույս չդնեն աջակցության վրա, որը մի օր ավարտվելու է: Պետք է մարդկանց պատրաստել, որ սեփական հացը վաստակեն և արժանապատիվ ապրեն Հայաստանում կամ, եթե վերադառնան, Արցախում»,- ասում է նա:

 

Հումանիտար օգնություն և հոգեբանական աջակցություն՝ Արցախից եկած փոքրիկներին

Մարի Հարությունյանն իր նախաձեռնությամբ, Հայաստանի և արտասահմանի ընկերների օգնությամբ պատերազմի օրերին անհատական աջակցություն է տրամադրել Արցախից տեղահանված ընտանիքներին։ Երևանում 10 ընտանիքի սնունդ, հիգիենիկ պարագաներ է տրամադրել, Սևան քաղաքում ապաստանած մոտ 30 ընտանիքի էլ սնունդ, քաղցրավենիք հասցրել։ 

Բացի այդ՝ նա սոցաշխատող է Մասիս քաղաքի «Ձեզ համար» հասարակական կազմակերպությունում, որն աշխատում է ֆիզիկական զարգացման խնդիրներ ունեցող երեխաների հետ։

Պատերազմի օրերին ՀԿ-ն սկսել է Արցախից եկած ընտանիքներին տրամադրել հիգիենիկ պարագաներ և սննդի փաթեթներ, հոգեբանական աջակցություն։

Նախաձեռնությունն ընդգրկել է աջակցություն ինչպես Երևանում, Արարատի մարզում, այնպես էլ այլ մարզերում ապաստանած ընտանիքների համար։ Երեխաների համար նաև ամանորյա միջոցառումներ են արել։

«Միջոցառումներն անում ենք Մասիսում, բայց Երևանից, հարակից գյուղերից էլ ենք երեխաների ընդգրկում։ Հիմնականում նախընտրում ենք այն գյուղերը, որտեղ ավելի քիչ ծրագրեր կան»,- պատմում է Մարին։

Այս ընթացքում համագործակցել են ՏԻՄ-երի հետ, տվյալներ ձեռք բերել Արցախից եկած ընտանիքների մասին, իսկ իրականացրած ծրագրերի շահառու է դարձել ավելի քան 200 երեխա։

«Քանի որ կենտրոնում ունեինք արտթերապիա, երաժշտաթերապիա, աշխատել ենք, բավականին լավ արդյունք ունենք։ Նույնիսկ ունենք մի երեխա, որը մայրիկին կպած էր ամբողջ օրը, հիմա կենտրոն գալիս է առանց նրա»,- պատմում է Մարին։

 

Արշավներ՝ արցախցի փոքրիկների համար

Աստղիկ Հարությունյանը մի քանի անհատական նախաձեռնություն է իրականացրել։ Առաջին նախաձեռնությունը եղել է արցախցի երեխաների համար։ Աստղիկն «Արի» արշավային խմբի հիմնադիրն է և հենց պատերազմի օրերին՝ հոկտեմբերից սկսած, որոշել է արշավներ կազմակերպել։

«Ես երեխաների համար արշավներ անում եմ վճարովի, բայց դրանք ամբողջությամբ անվճար էին: Օգնել են ինձ ճանաչող ընկերներ, որոնք հավատում են այն գաղափարին, որ արշավը պարզապես օգնություն չէ, այլ հիշողություն, թիմային աշխատանք: Ընկերներից մեկը մեքենայով է օգնել, մեկը` հացով, մեկը` մրգով, մեկը՝ պարզապես իր ներկայությամբ»,- պատմում է նա։

Աստղիկը արշավներում ներգրավել է ինչպես Երևանում, այնպես էլ մարզերում ապաստանած երեխաների, իսկ մարզերից եկող երեխաների համար նաև տրանսպորտի խնդիրն է կարգավորել։

Պատերազմի օրերին և հիմա էլ Աստղիկը նաև սննդով, անհրաժեշտ պարագաներով է աջակցում ՀՀ-ում ապաստանած ընտանիքներին։ Այս հարցում էլ նրան օգնում են ընկերները, իսկ երբեմն էլ նա կապող օղակ է բարերաների և աջակցության կարիք ունեցող ընտանիքների միջև։ 

Աստղիկն ասում է, որ Արցախից տեղահանված, ինչպես նաև կարիքավոր ընտանիքների երեխաների համար անվճար արշավները մտադիր է շարունակել, այժմ փորձում է դրամական միջոցներ հայթայթել, որ նախաձեռնությունը շարունակական լինի։

 

Աննա Սահակյան

 

 

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև

Թողնել մեկնաբանություն

Ձեր էլփոստի հասցեն չի հրապարակվի: Պարտադիր դաշտերը նշված են *-ով