news.am: Չկան դատավորներ, որոնք կատարում են իշխանության ցանկությունը, չկան դատավորներ, որոնք կատարում են ընդդիմության ցանկություն, չկան դատավորներ, որոնք ղեկավարվում են հանրային կամ հանրահավաքային ազդեցության տակ ընկնելով: Այս մասին այսօր՝ դեկտեմբերի 29-ին լրագրողների հետ հանդիպման ժամանակ նշեց ԲԴԽ նախագահ Ռուբեն Վարդազարյանը:
«Ինչու եմ վստահ ասում, որովհետեւ չունենք նման վարույթ: Եթե լինեն նման դատավորներ, ապա կլինեն կամ կարգապահական վարույթներ, կամ քրեական գործ կհարուցվի այդ դատավորի նկատմամբ եւ ես տեղյակ կլինեմ»,-ասաց նա:
Հարցին, թե հիմա կա՞ն պատերի տակ վնգստացող դատավորներ, Վարդազարյանը պատասխանեց. «Այսօր պատմական պահն այնպիսին է, որ մենք կարող ենք անկախ դատական համակարգ ունենալու հիմքերը դնել: Պատերի տակ վնգստացող դատավորներ արտահայտությանը ես 1,5 տարի առաջ արձագանքել եմ՝ ասելով, որ այո, մենք ունենք այդպիսի դատավորներ եւ մենք նրանց անունները գիտենք: Ես այսօր էլ նրանց անունները չեմ հրապարակելու:
Ես շատ կուզենամ, որ 1,5 տարի հետո, իմ կոչն էլ հաշվի առնելով դատական իշխանության մեջ պատերի տակ վնգստացող դատավորների թիվը հավասար լինի զրոյի: Չեմ կարող ասել՝ հիմա կան, թե չկան: Վստահ եմ, որ շատերը այս առիթը կօգտագործեն, այդ կարգավիճակից դուրս կգան եւ կլինեն իրոք պրոֆեսիոնալներ»: