tert.am: Ռուսաստանը սեպտեմբեր-նոյեմբեր ամիսներին Թուրքիայի վերահսկողության տակ գտնվող տարածքից տեղի ունեցած ավելի քան 2500 հարձակում է արձանագրել սիրիական Իդլիբում, ինչի հետևանքով 22 սիրիացի զինվորական է զոհվել: Ինչպես փոխանցում է Interfax-ը, այս մասին հայտնել է Սիրիայում հակամարտող կողմերի հաշտեցման ռուսական կենտրոնի փոխղեկավար Վյաչեսլավ Սիտկինը:
«Իդլիբի ապաէսկալացիոն գոտում, որտեղ հրադադարի վերահսկողություն է իրականացվում ռուս-թուրքական պայմանավորվածությամբ, 2020 թվականի սեպտեմբեր-նոյեմբեր ամիսներին արձանագրվել է խախտման 2573 դեպք այն տարածքից, որը գտնվում է Թուրքիայի Զինված ուժերի վերահսկման տակ»,- ասել է Սիտկինը ճեպազրույցի ժամանակ:
Նրա խոսքով՝ կրակահերթերի հետևանքով 22 սիրիացի զինվոր է զոհվել, վիրավորվել՝ 89: Միևնույն ժամանակ ոչնչացվել է անօրինական զինված խմբավորումների 11 և վիրավորվել 40 անդամ: