Արցախի անվտանգության խորհրդի քարտուղար Վիտալի Բալասանյանն Ասկերան քաղաքում հանդիպում է ունեցել շրջանի ուժային կառույցների, համայնքների ղեկավարների եւ Արցախյան պատերազմներին մասնակցած տարբեր սերունդների ներկայացուցիչների հետ: Այս մասին տեղեկանում ենք Ասկերանի շրջանի վարչակազմի ֆեյսբուքյան։
«Անդրադառնալով երկրում տիրող իրավիճակին՝ Բալասանյանը շեշտել է, որ անհրաժեշտ է օր առաջ ծառայություն սկսել պետական սահմանների պաշտպանության հարցում:
Ըստ Բալասանյանի՝ Ասկերանի շրջանում պահեստազորից պետք է կազմավորել ստորաբաժանումներ, շտապ զինվորագրվել, անցկացնել յոթօրյա պարապմունքներ ու անցնել մարտական հերթապահության: Այն կկոչվի սահմանապահ ծառայություն, որը տարիքային սահմանափակումներ չի ունենա, և ծառայողները կվարձատրվեն:
Հանդիպման մասնակիցները բարձրաձայնել են իրենց մտահոգող հարցերի մասին, որոնք հիմնականում կապված են եղել բնակչության անվտանգության, տիրող անորոշ իրավիճակի և հետագա անելիքների հետ:
Վիտալի Բալասանյանը պատասխանել է ներկաների հարցերին»,- նշված է հայտարարության մեջ։