factor.am: Չնայած այն հանգամանքին, որ կորոնավիրուսի նոր ու ակնհայտորեն ավելի վարակիչ շտամն ամբողջ աշխարհի երկրների ղեկավարների լուրջ մտահոգությունն է առաջացնում, Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը (ԱՀԿ) կոչ է անում խուճապի չմատնվել, գրում է DW-ի ռուսական ծառայությունը։
«Նույնիսկ եթե վիրուսը մի փոքր ավելի արագ է տարածվում, այն դեռ կարելի է կանգնեցնել»,- ընդգծել է ԱՀԿ արտակարգ իրավիճակների համակարգող Մայքլ Ռայանը: Նրա խոսքով՝ իրավիճակը «դեռևս վերահսկողությունից դուրս չի եկել»: «Ոչ մի ապացույց չկա, որ նոր շտամը կհանգեցնի հիվանդության ավելի ծանր ընթացքի»,- հայտարարել է Ռայանը՝ տեղեկացնելով, որ դրա դիմակայունությունը մշակման փուլում գտնվող պատվաստանյութերի հանդեպ այժմ փորձարկվում է մի քանի լաբորատորիաներում:
Ըստ ԱՀԿ-ի՝ նոր շտամը վերահսկելու ռազմավարությունը մնում է նույնը և որևէ փոփոխություն չի պահանջում: Մինչ այդ, կորոնավիրուսի նոր՝ մուտացված շտամը, բացի Մեծ Բրիտանիայից, արդեն հայտնաբերվել է Ավստրալիայում, Իսլանդիայում, Իտալիայում, Նիդերլանդներում և Դանիայում: Այս բոլոր երկրներում՝ բացառությամբ Դանիայի, խոսքը միայն առանձին դեպքերի մասին է: