armtimes.com: Շիրակի մարզի տարբեր համայնքներում այսօր կրկին բողոքի ակցիաներ են իրականացնում Շիրակի մարզի գերեվարված զինվորների ծնողներն ու հարազատները: Այս պահին նրանք փակել են Երևան-Գյումրի մայրուղու Հոռոմի խաչմերուկը և պահանջում են հստակություն` որտե՞ղ են տղաները, գերությա՞ն, թե շրջափակման մեջ են, կա՞ արդյոք կապ հակառակորդի հետ, և ինչ վիճակում են հայ զինվորականները:
Այս հարցադրումներն արդեն 4-րդ օրն է արվում են Շիրակի մարզի պատասխանատուներին, սակայն հստակ տեղեկություններ, վերջիններս տրամադրել չեն կարող, քանի որ դրանց չեն տիրապետում:
Ըստ տեղեկությունների՝ նրանք դեկտեմբերի 15-ին գերի են ընկել հենց Խծաբերդի հատվածում:
Լարված վերջին հանդիպումը Շիրակի մարզպետարանում տեղի էր ունեցել երեկ ուշ երեկոյան: Մարզպետ Տիգրան Պետրոսյանը տեղեկացրել էր, որ նախատեսված հանդիպումը ՊՆ պատասխանատուների հետ չի կայացել, քանի որ նրանք Երևանում չեն եղել, բայց մարզպետին փոխանցել են, որ վերջիններս բանակցությունների գործընթացի մեջ են, սակայն հայտնելու նոր տեղեկություն չունեն: