armenpress.am: Արցախի Հին թաղեր և Խծաբերդ բնակավայրերում շրջափակման մեջ մնացած և դեկտեմբերի 15-ի երեկոյից կապի բոլոր միջոցներից զրկված, անհայտ կարգավիճակում հայտնված զինծառայողների մեջ մեծ թիվ են կազմում Շիրակի մարզի բնակիչները: Հարազատներն ադրբեջանցիների հրապարակած տեսանյութերում ճանաչել են իրենց ընտանիքի ադամներին: Պնդում են, որ նրանք երեք օր շրջափակման մեջ են գտնվել:
Շրջափակման մեջ մնացած և անհայտ պայմաններում հայտնված զինծառայողների հարազատները փակել են Գյումրի-Երևան ավտոճանապարհի տարբեր հատվածներ:
Փակ է Ազատանի հատվածը. քաղաքացիները նշում են, որ շրջափակման մեջ մնացած զինծառայողներից միայն ութն Ազատանից են: Նրանք տեղեկություններ են պահանջում իրենց հարազատներից:
Ավելի վաղ զինծառայողների հարազատները փակել էին նաև Շիրակի մարզպետարանի շենքի մուտքը` հանդիպում պահանջելով մարզպետ Տիգրան Պետրոսյանի հետ: Մարզպետը նրանց ուղղորդել է Պաշտպանության նախարարություն, որտեղ գործում է հեռախոսահամար՝ հարցերն ուղղելու համար, սակայն զինծառայողների հարազատները նշում են, որ ՊՆ-ից նրանց որևէ տեղեկություն չեն հայտնում:
Այս պահին Շիրակի մարզպետարանի մոտ են հավաքվում նաև Քեթի գյուղի բնակիչները: Տեղեկություններ կան, որ փակ է նաև Երևան-Գյումրի ավտոճանապարհի Լանջիկի հատվածը, ինչպես նաև Գյումրիից Բավրա գնացող ճանապարհը: