tert.am: Թուրքիան Եվրամիության հնարավոր պատժամիջոցների կամ քննադատության պատճառով չի հրաժարվի Միջերկրական ծովի արևելյան հատվածում իր իրավունքներից և շահերից, երկուշաբթի հայտարարել է այդ երկրի ԱԳ նախարար Մևլութ Չավուշօղլուն, գրում է Reuters-ը։
«Խոսք լինել չի կարող այն մասին, որ մենք ԵՄ-ի պատժամիջոցների կամ քննադատության պատճառով կարող ենք հրաժարվել Արևելյան միջերկրածովյան տարածաշրջանում մեր իրավունքներից և շահերից»,- հայտարարել է նա։
Նախօրեին Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտարարել էր, որ Թուրքիայի իշխանությունները վշտացած են, որ Եվրոպայում և ԱՄՆ-ում ուժեղացել է Անկարայի նկատմամբ պատժամիջոցային հռետորաբանությունը:
«Ցավալի է, որ վերջին շրջանում ԱՄՆ-ում և Եվրոպայում ուժեղացել է մեր երկրի նկատմամբ պատժամիջոցային հռետորաբանությունը։ Թուրքիայի դեմ միջոցառումները չեն կանգնեցնի մեր իրավունքները պաշտպանելու մեր փորձերը»,- ասել էր նա։
Էրդողանի խոսքով՝ «պատժամիջոցների փոխարեն Թուրքիան ԵՄ-ից ակնկալում է կատարել միության մեջ մտնելու խոստումները, իսկ ԱՄՆ-ից՝ տարածաշրջանում ահաբեկչության դեմ պայքարի հարցում աջակցություն ցուցաբերել»: