ՊԵԿ նախագահն աշխատանքային շրջայց է կատարել Գոգավանի անցակետում Վրացական կողմում ճանապարհների նորոգումից հետո անցակետը վերսկսել է աշխատանքը

Գոգավանի անցակետը դեկտեմբերի 1-ից վերսկսել է աշխատանքը։ Վրացական կողմում ճանապարհների և մաքսակետի վերանորոգման նպատակով ժամանակավորապես դադարել էր բեռնատարների հոսքը։ Պետական եկամուտների կոմիտեի նախագահ Էդվարդ Հովհաննիսյանն այցելել է Գոգավան՝ տեղում հետևելու բնականոն ռեժիմի վերադարձած մաքսակետում ծառայության կազմակերպմանը։

«Վրացական կողմում նորոգվում էին մաքսակետը և ճանապարհները, ինչի հետևանքով այս տարվա մարտ ամսից Գոգավանի անցակետը չէր գործում: Դեկտեմբերի 1-ից անցակետը վերագործարկվել է, վերանորոգումից հետո ճանապարհներն ավելի նպաստավոր են դարձել բեռնատարների համար»,-հայտնել է ՊԵԿ նախագահ Էդվարդ Հովհաննիսյանը։ Այս մասին տեղեկացրին ՀՀ ՊԵԿ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնից։

ՊԵԿ ղեկավարը շրջել է անցակետի տարածքով, դիտարկել սահմանահատման գործընթացի բոլոր փուլերի պատշաճ կազմակերպման համար ստեղծված պայմանները և գնահատել մաքսակետի հնարավորությունները։ Էդվարդ Հովհաննիսյանն անցակետի բուժաշխատողներից հետաքրքրվել է նաև հակահամաճարակային կանոնների պահպանմամբ։

Կոմիտեի ղեկավարը դիտարկել է Գոգավանի անցակետում ծառայություն իրականացնող ՊԵԿ տարբեր ստորաբաժանումների աշխատանքը։ Էդվարդ Հովհաննիսյանի համոզմամբ` լավ արդյունքը պարտավորեցնող է, ուստի մատուցվող ծառայությունների որակի բարելավումը պետք է լինի շարունակական: Նա հանձնարարել է շարունակել մաքսային հսկողության կազմակերպումն այնպես, որ երաշխավորվի բոլոր գործընթացների օպերատիվությունը։ «Կարող եմ փաստել, որ Գոգավանի անցակետի անձնակազմն այս պահին գտնվում է լիովին պատրաստ վիճակում։

Օրական սպասարկվում է 50-70 բեռնատար, որոնց մուտքն այսօր արդեն Գոգավանով է կազմակերպվում։ Անցակետում բոլոր ծառայությունները և ենթակառուցվածքները պատրաստ են` բեռների տեղափոխման համար անհրաժեշտ ծառայությունները մատուցելուն, և իմ գոհունակությունն եմ հայտնում անցակետի աշխատանքների բարձր կազմակերպվածության, այդ թվում` տարածքային ամբողջական պայմանների առկայության համար»,-ընդգծել է ՊԵԿ նախագահ Էդվարդ Հովհաննիսյանը:

Մինչև վրացական կողմի ճանապարհների նորոգումը վարորդները հաճախ խուսափում էին ներմուծումների և արտահանումների դեպքում Գոգավանով երթուղին ընտրել։ «Վրաստանի կողմից նորոգման աշխատանքներն ավարտելուց հետո, վարորդների կարծիքով, բեռնատարների շարժը Գոգավանով ավելի հարմար է դարձել, քանի որ Հայաստանի կողմից ճանապարհները ևս ավելի հեշտ անցանելի են: Վերագործարկումից հետո սպասում ենք բեռնատարների հոսքի ավելացում:

Անցակետը պատրաստ է օրական մինչև 150 բեռնատար սպասարկել»,-վստահեցրել է Գոգավան-Պրիվոլնոյեի մաքսային կետ-բաժնի պետ Մայիս Հովհաննիսյանը` հավելելով, որ անցակետում կենտրոնացված են բոլոր այն ծառայությունները, որոնք ապահովում են տնտեսական անվտանգությունը, միաժամանակ արտաքին տնտեսական գործունեության անխափան իրականացումը։

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև

Թողնել մեկնաբանություն

Ձեր էլփոստի հասցեն չի հրապարակվի: Պարտադիր դաշտերը նշված են *-ով