armenpress.am: Անհետ կորած զինծառայողների ծնողները և հարազատները դեկտեմբերի 8-ին կրկին բողոքի ակցիա են անցկացրել Էջմիածնի զորամասի դիմաց` պահանջելով իշխանությունից որոնողական աշխատանքներ իրականացնել Զանգելանի հատվածում:
Զինծառայողների ծնողները և հարազատները նշում են, որ թեև իշխանությունը խոստացել էր, որ այդ հատվածում իրականացվելու են որոնողական աշխատաքներ, սակայն այդ գործընթացում որևէ տեղաշարժ չկա:
Որոշ ժամանակ անց անհետ կորած զինծառայողներից մեկի հարազատը հայտարարեց, որ գլխավոր շտաբի պետ, գեներալ-գնդապետ Օնիկ Գասպարյանը, գլխավոր շտաբի պետի տեղակալ, գեներալ-լեյտենանտ Անդրանիկ Մակարյանը և ռադիացիոն, քիմիական, կենսաբանական պաշտպանության զորքերի պետ, գնդապետ Վարդան Նշանյանը իրենց են սպասում պաշտպանության նախարարությունում, և կտան իրենց հետաքրքրող հարցերի պատասխանները: Ծնողները և հարազատները զորամասից շարժվեցին դեպի Պաշտպանության նախարարություն: