hetq.am: Արցախից տարհանված բնակիչները Գառնիում վերաբնակվեցին Արցախյան երրորդ պատերազմն սկսվելու հաջորդ իսկ օրից՝ սեպտեմբերի 28-ից: Տարհանվածներին կացարանով ապահովելու խնդրանքով Գառնիի համայնքապետարան են դիմել հասարակական կազմակերպություններն ու անհատները: Մի քանի ընտանիք ապաստանել են ծանոթների ու հարազատների տներում: Համայնքապետարանի աշխատակիցները նրանց տեղավորել են գյուղի հյուրատներում, հոթելներում, արտերկրում գտնվող համագյուղացիների տներում: Որոշ ընտանիքներ տանտերերի հետ համատեղ են բնակվում:
«Բնակչությունը պատրաստակամ աջակցել է մեզ, տները տրամադրել են, սկզբնական շրջանում նաև նրանց սնունդն են ապահովել: Դիմողները շատ էին, բայց 344 մարդու կարողացանք տեղավորել»,- ասում է Գառնիի համայնքապետ Ահարոն Սահակյանը:
Գառնիում ժամանակավոր ապաստանածների մեջ մեծ թիվ են կազմել Ստեփանակերտի բնակիչները, որոնք պատերազմի ավարտից հետո վերադարձել են Արցախ: Վերջին երկու շաբաթներին նրանց փոխարինել են Քաշաթաղի ու Լաչինի շրջաններից տեղահանվածները: Նրանք, հիմնականում, գառնեցիներ են, որոնք վերջին 20 տարիներին, տարբեր հանգամանքներով պայմանավորված, բնակություն էին հաստատել այդ շրջաններում: Նրանց մեծ մասը Գառնիում չունի սեփականություն, ծննդավայր են վերադարձել տեղահանվածի կարգավիճակով, բնակվում են հյուրատներում, հարազատների մոտ կամ վարձակալությամբ:
Սկզբնական շրջանում համայնքապետարանը նրանց սնունդ է հատկացրել համայնքային բյուջեից արված հատկացումներով: Համայնքապետարանը արցախցի ընտանիքների ցանկը տրամադրել է Կոտայքի մարզպետարանին: Սնունդ գնելու համար պետբյուջեից 5 մլն դրամ է փոխանցվել համայնքապետարանին, դրանով 270 անձի 15 օր ապահովել են սնունդով: Պետական աջակցությունն այսքանով սահմանափակվել է:
Արկերի տարափի տակ իրենց բնակավայրերը լքած արցախցիները, հիմնականում, չեն հասցրել հագուստ վերցնել իրենց հետ: Հայաստան են հասել ամառային հագուստով, լավագույն դեպքում, վերցրել են մանկահասակ երեխաների առաջին անհրաժեշտության պարագաները, անձնագիր ու ծննդյան վկայական: Արցախի տարբեր շրջաններից տարհանված, նաև տեղահանված բնակիչները 4-5 օրվա պատերազմ էին կանխատեսում, այդ պատճառով, հիմնականում, իրենց հետ չեն վերցրել նաև անշարժ գույքի սեփականության վկայականները:
Կանխատեսումները սխալ դուրս եկան, պատերազմը երկարաձգվեց մինչև ուշ աշուն: Անկանխատեսելի ավարտն իսպառ ջնջեց նրանցից շատերի տուն վերադառնալու հույսերը: Հադրութի ու Շուշիի շրջաններից Գառնիում վերաբնակվածներն աշխատանք են փնտրում, նրանց մեջ մանկավարժներ, բուժաշխատողներ, շինարարներ կան: Պատերազմի ավարտից հետո տղամարդիկ միացել են իրենց ընտանիքներին և աշխատանք են փնտրում: Հ/կ-ներն ու առանձին անհատներ շարունակում են ընտանիքներին աջակցել սննդի ու հագուստի հարցում: Սակայն, ձմեռը նոր է սկսվել, իսկ նրանք տները տաքացնելու դժվարություն ունեն:
«Ամենադժվարը կումունալ վճարների հարցն է, տներում գազ և էլեկտրաէներգիա են օգտագործում տաքանալու համար, բայց չեն կարողանում վճարել: Այդ հարցն արդեն առանց պետական աջակցության հնարավոր չէ լուծել: Խնդրել ենք չանջատել, մինչև լուծում տրվի այդ հարցին»,- ասաց համայնքապետ Ա. Սահակյանը: Նշեց, որ առայժմ Կառավարությունը փոխհատուցել է արցախցիներին ապաստան տված հյուրատների կոմունալ ծախսերը:
Համայնքապետարանում ասում են, որ երեխաներին Գառնի հասնելու առաջին իսկ օրը տեղավորել են գյուղի երկու հանրակրթական դպրոցներում և ավագ դպրոցում: Սկզբանական շրջանում հաշվառվել է մինչև 7 տարեկան 60 երեխա, դրանից բարձր՝ 70 երեխա: Երեխաներին գրենական պիտույքները նույնպես անհատներն են տրամադրել:
«Համայնքապետարանից դիմեցին, որպեսզի աշխատեմ երեխաների հետ: Այցելեցինք ընտանիքներ՝ կարիքները հասկանալու համար և պարզվեց, որ բոլորը տաք հագուստի կարիք ունեն, հատկապես երեխաները: Մի քանի ընտանիք այցելելուց հետո հասկացա, որ չեմ կարող միայն մասնագիտական աջակցությամբ բավարարվել: Հավաքեցի գյուղի ակտիվ երիտասարդներին և սկսեցինք հագուստ հավաքել»,- պատմեց մանկավարժ-հոգեբան Աննա Գևորգյանը:
Շարունակությունը՝ hetq.am-ում