hetq.am: Արտակարգ իրավիճակների նախարարությունը արտակարգ իրավիճակների հետևանքով տուժած բնակչությանը պատճառված վնասի գնահատման և փոխհատուցման կարգ է մշակել։
Այն այսօր հանրային քննարկման է ներկայացվել իրավական ակտերի նախագծերի հրապարակման միասնական կայքում։
Ըստ նախագծի՝ կարգավորվելու են արտակարգ իրավիճակների հետևանքով բնակչությանը պատճառված վնասի գնահատման և փոխհատուցման հետ կապված հարաբերությունները։
Արտակարգ իրավիճակներն՝ ըստ մասշտաբայնության
Մշակված կարգի համաձայն՝ սահմանվել են հանրապետական, մարզային և համայնքային արտակարգ իրավիճակներ։
Հանրապետական արտակարգ իրավիճակ-արտակարգ իրավիճակ, որի ընթացքում տեղի է ունեցել հետևյալ դեպքերից առնվազն մեկը`
ա. տուժել է 300-ից ավելի մարդ, կամ խախտվել են 500-ից ավելի մարդկանց կենսագործունեության պայմանները,
բ. ընդհանուր նյութական վնասը կազմել է նվազագույն աշխատավարձի 500 հազարապատիկից ավելի,
գ. խոցման գործոնները տարածվել են երկու և ավելի մարզերի կամ Երևան քաղաքի երկու և ավելի վարչական շրջանների տարածքներում կամ Երևան քաղաքի վարչական շրջանի տարածքից դուրս։
Մարզային արտակարգ իրավիճակ-արտակարգ իրավիճակ, որի ընթացքում տեղի է ունեցել հետևյալ դեպքերից առնվազն մեկը`
ա. տուժել է 50-ից ավելի, սակայն 300-ից ոչ ավելի մարդ,
բ. խախտվել են 300-ից ավելի, սակայն 500-ից ոչ ավելի մարդկանց կենսագործունեության պայմանները,
գ. ընդհանուր նյութական վնասը կազմել է նվազագույն աշխատավարձի 5 հազարապատիկից ավելի, սակայն չի գերազանցել 300 հազարապատիկը,
դ. խոցման գործոնները չեն տարածվել մարզի կամ Երևան քաղաքի վարչական շրջանի տարածքից դուրս:
Համայնքային արտակարգ իրավիճակ-արտակարգ իրավիճակ, որի ընթացքում տեղի է ունեցել հետևյալ դեպքերից առնվազն մեկը`
ա. տուժել է 10-ից ավելի, սակայն 50-ից ոչ ավելի մարդ,
բ. խախտվել են 50-ից ավելի, սակայն 300-ից ոչ ավելի մարդկանց կենսագործունեության պայմանները,
գ. ընդհանուր նյութական վնասը կազմել է նվազագույն աշխատավարձի հազարապատիկից ավելի, սակայն չի գերազանցել 5 հազարապատիկը,
դ. խոցման գործոնները չեն տարածվել քաղաքային (բացառությամբ Երևան քաղաքի) ու գյուղական համայնքների տարածքից դուրս:
Վնասի գնահատման մեխանիզմները
Արտակարգ իրավիճակների հետևանքով բնակչությանը պատճառված վնասների գնահատման նպատակով ստեղծվելու են`
1) համայնքային հանձնաժողովներ (ստեղծվում են համայնքների ղեկավարների որոշումներով), որոնք կազմելու են վնասի վերաբերյալ ակտերը (բացառությամբ Երևան քաղաքի)։ Դրանք ներկայացվելու են մարզային հանձնաժողովներ։ Երևան քաղաքի հանձնաժողովը կազմված ակտերը ներկայացնելու է Հանրապետական հանձնաժողովին,
2) մարզային հանձնաժողովներ (ստեղծվում են մարզպետների որոշումներով), որոնք համայնքային հանձնաժողովների կազմած ակտերը հաստատելու և ներկայացնելու են Հանրապետական հանձնաժողովին,
3) հանրապետական հանձնաժողով (ստեղծվում է վարչապետի որոշմամբ), որն ամփոփելու է արտակարգ իրավիճակների հետևանքով բնակչությանը պատճառված վնասների մասին վերջնական տեղեկատվությունը և փոխհատուցման վերաբերյալ առաջարկություններ է ներկայացնելու կառավարությանը:
Հանրապետական, մարզային և համայնքային հանձնաժողովները գործելու են հետևյալ ուղղություններով`
1) գյուղատնտեսությանը հասցված վնասների գնահատում,
2) գույքին հասցված վնասների գնահատում,
3) ենթակառուցվածքներին հասցված վնասների գնահատում,
4) բժշկասանիտարական հնարավոր վնասների գնահատում:
Արտակարգ իրավիճակների հետևանքով բնակչությանը պատճառված վնասները գնահատող հանձնաժողովների կազմում` ըստ ուղղությունների ընդգրկվելու են արտակարգ իրավիճակների, առողջապահության, գյուղատնտեսության, կապի և տրանսպորտի, քաղաքաշինության, բնապահպանության և մասնագիտացված (այդ թվում՝ վերահսկողություն իրականացնող) կառույցների ներկայացուցիչներ, ովքեր պետք է ուսումնասիրեն, հաշվառեն և գնահատեն ստեղծված իրավիճակն ու հավանական վտանգները:
Կարդալ ավելին՝ hetq.am-ում։