pastinfo.am: Խորհրդարանը պետք է ընտրի անցումային ժամանակաշրջանի վարչապետ, որովհետև այս խորհրդարանը չի կարող պաշտոնավարել մինչև իր սահմանադրական ժամկետի ավարտը։ Այս մասին խորհրդարանական լսումների ժամանակ ասաց ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը։
Պատգամավորը նկատեց՝ վերջին տարիների ընթացքում պետական մարմինները խզում են ունեցել ՌԴ-ի պետական մարմինների հարաբերություններում, և Էդմոն Մարուքյանը կարծում է, որ այս ուղղությամբ անելիքները շատ են․ «Այսօր գիտենք ինչ խնդիրներ ունենք։ Առաջինը ռազմագերիների, գերի ընկած քաղաքացիական անձանց փոխանակման խնդիրն է, մեր նահատակների, հերոսների դիակների փոխանակման խնդիրն է, որ հայտարարության մեջ արձանագրված է, բայց ոչ մի վերջնաժամկետ նշված չէ։ Հաջորդ խնդիրը հայտնի GPS-ով քարտեզագրումն է, որի մասին մինչ այսօր ոչ մի տեղ գրված չէ․ այս փաստաթղթում գրված չէ, որևէ հայտարարությունում չկա, բայց տեսնում ենք, որ սահմանները GPS-ով դեմարկացիայի են ենթարկվում։ Կարծում են՝ գործող իշխանությունն ունակ չէ այս խնդիրների շուրջ բանակցել։ Այսօր դեկտեմբերի 7-ն է և այս անցած շրջանն ապացուցում է, որ ունակ չէ և չի կարող լուծել խնդիրը»,-ասաց Էդմոն Մարուքյանը։
Ընդդիմադիր խմբակցության ղեկավարը կարևորեց ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության շրջանակներում բանակցությունների վերականգնումը։Էդմոն Մարուքյանը նշեց, որ հիմա ավելի շատ ենք պառակտված․ «Անգամ պառակտված ենք Սփյուռքից եկած տարատեսակ դրամական ներդրումների, դրա ծախսման և դրա հետ կապված խնդիրների առումով։ «Հայաստան» համահայկական հիմնադրամի պատմությունը լավ օրինակ է»,-ասաց պատգամավորը։
Էդմոն Մարուքյանի խոսքով երկրում հանրային անվտանգությունը վտանգված է, և պետական մարմինները պետք է ամրապնդվեն։
Պատգմավորն ընդգծեց՝ Արցախում կենսագործունեության պայմանների վերականգնումն իրականացվում է, բայց այդ մասին ՌԴ գործակալություններն են տեղեկացնում, իսկ մեր պետական մարմինների անելիքները հայտնի չեն։