Հայաստանում արցախցիների համար կազմակերպվող անվճար կրթական նախաձեռնությունները․ թարմացվող

Արցախա-ադրբեջանական պատերազմի ընթացքում ու հրադադարից հետո տարբեր կազմակերպություններ ու անհատներ արցախցի մեր հայրենակիցների համար նախաձեռնել են կրթական տարբեր անվճար ծրագրեր։

Infocom-ը հավաքագրել է այն անվճար ծրագրերը, որոնք դեռեւս շարունակվում են կամ նոր են մեկնարկելու։

  • Վաղը՝ դեկտեմբերի 5-ին տեղի կունենա SMM-ի թեմայով առցանց հանդիպում՝ արցախցիների համար, որից հետո կձեւավորվի մասնակիցների թիմ, որոնք էլ կմասնակցեն հետագա բազային դասընթացին։ Մանրամասների համար գրեք էջին։
  • Թումոն իրականացնում է հատուկ նախագիծ՝ Արցախից Երեւան տեղափոխված 10-18 տարեկան պատանիների համար: Նախագծի ընթացքում նրանք անցնում են ինքնուսուցման վարժանքներով, ամեն օր մասնակցում են ֆիլմերի ստեղծման, դիզայնի, խաղերի մշակման, լուսանկարչության, թվային երաժշտության եւ այլ ոլորտներում դասընթացների, ինչպես նաեւ ֆուտբոլի եւ բասկետբոլի պարապմունքների, կինոդիտումների եւ քննարկումների։

Եթե 10-18 տարեկան եք ու այժմ ապրում եք Երեւանում կամ դրա հարակից մարզերում, ապա դիմե՛ք՝ https://forms.gle/VK48YPzG9aJW5bTbA, իսկ հարցերի դեպքում կարող եք զանգահարել 010398413 հեռախոսահամարին։

  • ԵՊՀ լեզուների ուսուցման եւ թեստավորման կենտրոնը կազմակերպում է անվճար դասընթացներ՝ արցախցի դպրոցահասակ երեխաների համար, դասընթացներն անցկացվելու են առցանց (online), 1.5 ամիս, շաբաթական 2 անգամ, 1 ժամ տեւողությամբ։

Գրանցվելու համար [email protected] էլ-փոստի հասցեին անհրաժեշտ է ուղարկել երեխայի անձը հաստատող փաստաթուղթ (Արցախի Հանրապետության), ծնողի կոնտակտային տվյալները, (բջջային հեռախոսահամար), նշել՝ որ լեզվի դասընթաց եք ցանկանում (մեկ լեզու) եւ երեխայի տվյալ լեզվի իմացության մակարդակը։ Մանրամասն տեղեկությունների համար անհրաժեշտ է գրել կենտրոնի ֆեյսբուքյան էջին։

  • Աբովյան քաղաքում Սոցիալական ձեռներեցների դպրոցը ս.թ. նոյեմբերի 1-ից իրականացնում է «Արցախի շենացումը սկսվում է քո համայնքից» ձեռնարկատիրական անվճար դասընթացներ։ Արցախի Հանրապետությունից եւ ՀՀ տարածքներից Աբովյան համայնքում ռազմական գործողությունների հետեւանքով ապաստան գտած այն քաղաքացիները, որոնք ցանկություն ունեն, սակայն զրկված են առցանց (Zoom) դասընթացներին մասնակցելու տեխնիկական հնարավորությունից՝ համայնքապետարանը կապահովի դասընթացներին գրանցումը եւ մասնակցությունը համայնքապետարանում հասանելի տեխնիկական միջոցներով։ 

Մանրամասների համար դիմել սոցիալական ձեռներեցների առաջին դպրոցի հիմնադիր Գոհար Մկոյանին (հեռ. (+374) 98 005 513, էլ-փոստ [email protected]) կամ Աբովյանի համայնքապետարանի կրթության եւ մշակույթի բաժին:

  • Արցախից եկած բոլոր երեխաները կարող են գրանցվել Գեղագիտական Ազգային կենտրոնի անվճար դասընթացներին։ Կտրամադրվեն բոլոր անհրաժեշտ նյութերը:

Մասնագիտական դասընթացներ են անցկացվում երկուշաբթիից շաբաթ՝ նկարչություն` ժամը 13:00-18:00-ին,
ասեղնագործություն` ժամը 15:00-17:30-ին,
տիկնիկագործություն` ժամը 13:00-16:00-ին,
քանդակ` ժամը 15:00-16:30-ին,
ազգային պար` ժամը 15:00-17:00-ին։
Հասցեներ՝ Բայրոն 1/1, Սարյան 33, 35, Մոսկովյան 37, Վարդանանց 5ա։

Երեքշաբթիից կիրակի անցկացվում է այցելություն-Էքսկուրսիա՝ ԳԱԿ Մանկական Արվեստի Թանգարան։ Հասցե՝ Աբովյան 13։

Մասնակցության համար անհրաժեշտ է լրացնել հայտը՝ https://forms.gle/ZvvMZysUGkVQmzbU6՝ ընտրելով համապատասխան դասընթացը․ ներկայացուցիչները կապ կհաստատեն։ 

Հարցերի դեպքում, գրանցումների համար զանգահարել (+374) 91 363 902 hեռախոսահամարով։

  • «Ձեռնարկությունների ինկուբատոր» հիմնադրամն, առաջնորդվելով ամուր թիկունք ունենալու եւ տեխնոլոգիական ոլորտի գիտելիքներով զինված սերունդ դաստիարակելու իր առաքելությամբ՝ Գյումրու եւ Վանաձորի տեխնոլոգիական կենտրոններում եւ Հայ-հնդկական ՏՀՏ գերազանցության կենտրոնում իրականացնում է ծրագրավորման անվճար դասընթացներ՝ Արցախից ժամանած մեր հայրենակիցների համար: 

Արդեն իսկ մեկնարկել են դասընթացները Վանաձորի տեխնոլոգիական կենտրոնում՝ «Ձեռնարկությունների ինկուբատոր» հիմնադրամի եւ Լոռու մարզպետարանի կրթության վարչության համագործակցությամբ։ Այստեղ Արցախից ժամանած աշակերտները մասնակցում են ութ շաբաթ տեւողությամբ դասընթացների, որոնց ընթացքում ուսումնասիրում են ծրագրավորման տարբեր լեզուներ եւ ձեռք բերում համապատասխան գիտելիքներ՝ խաղերի պատրաստման ծրագրերից մինչեւ տեխնիկական անգլերեն: 

Մեկնարկել են նաեւ Գյումրու տեխնոլոգիական կենտրոնի եւ Գյումրու տեղեկատվական տեխնոլոգիաների կենտրոնի կողմից համատեղ՝ հատուկ Արցախից ժամանած մեր դպրոցահասակ հայրենակիցների համար կազմակերպվող անվճար դասընթացները: Ընտրական փուլը հաջողությամբ հաղթահարած մասնակիցները հնարավորություն են ստանում խորը գիտելիքներ ձեռք բերել հետեւյալ ուղղություններում՝ ծրագրավորման լեզուներ (Scratch, Kturtle, HTML, CSS, JavaScript,PHP), գրաֆիկական դիզայնի ծրագրեր (Adobe Illustrator, Photoshop), Computer network, System administration: Կազմակերպիչների խոսքով, մասնակիցների համար կազմակերպվում են նաեւ ոչ ֆորմալ միջոցառումներ, այդ թվում՝ այցելություններ մշակութային վայրեր, մուլտֆիլմերի եւ ֆիլմերի դիտումներ եւ այլն: Հայ-հնդկական ՏՀՏ գերազանցության կենտրոնում էլ արցախաբնակ մեր հայրենակիցները կարող են ամբողջովին անվճար գրանցվել ծրագրավորման հետեւյալ դասընթացներին՝ ITeens-Web programming for teenagers, QA-Quality Assurance, Web programming: Էլ. հասցե՝[email protected], (011) 219797։

  • Դեկտեմբերի 10-ից Գորիսում կգործի «Բարեկամ» ընտանիքի, երեխաների, երիտասարդների զարգացման եւ ժամանցի կենտրոն՝ գորիսաբնակ արցախցիների համար։

Կենտրոնում երեխաների եւ նրանց ծնողների հետ կաշխատեն հոգեբաններ, սոցիալական աշխատողներ եւ խմբակավարներ։ Կենտրոնի բոլոր աշխատակիցներն անցել են համապատասխան մասնագիտական եւ իրավիճակային վերապատրաստումներ։

Կենտրոնը նախատեսված է 5-11 եւ 12-18 տարիքային խմբերի երեխաների համար, այն կգործի բոլոր աշխատանքային օրերին, ժամը 10։00-17։00-ն, յուրաքանչյուր խմբի հետ 2 ժամ տեւողությամբ։

Հետաքրքրված արցախցի ծնողները կարող են գրանցել իրենց երեխաներին՝ լրացնելով հարցաթերթը՝ անցնելով հետեւյալ հղումով՝ https://forms.gle/ZdWLZFrA6PuoSwjJ9։ Գրանցման վերջնաժամկետը ս/թ․ դեկտեմբերի 7-ն է։

Կենտրոնը կգործի Անկախության 2 հասցեում տեղակայված ԳՈւՄ ՀԿ-ի գրասենյակի տարածքում։ Լրացուցիչ հարցերի համար կարող եք դիմել ԳՈւՄ ՀԿ-ի գրասենյակ (ք․ Գորիս, Անկախության 2, ԳՈւՄ ՀԿ) կամ զանգահարել (+374) 93 177 894 հեռախոսահամարով։

  • Մխիթար Սեբաստացի կրթահամալիրում Երեւանում աշխատանք փնտրող արցախցի ուսուցիչների համար անցկացվում է անվճար վերապատրաստում։ Մանրամասներին կարող եք ծանոթանալ կրթահամալիրի կայքում։ Հեռ․ (010) 747246։

Infocom-ը պարբերաբար կթարմացնի այս ցանկը։

Լուսանկարը՝ «Ձեռնարկությունների ինկուբատոր»-ի ֆեյսբուքյան էջից

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև

Թողնել մեկնաբանություն

Ձեր էլփոստի հասցեն չի հրապարակվի: Պարտադիր դաշտերը նշված են *-ով