tert.am: Երկու օր առաջ, երբ մեր հավաքը եղավ, մեզ Կառավարությունից ասացին՝ մենք գործում ենք, անում ենք, հիմա ուզում ենք հարցնել Կառավարությանը՝ ի՞նչ են արել, ի՞նչ ունեն արած, ե՞րբ կգա մեր առաջին զինվորը տուն, այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց դերասան Հրանտ Թոխատյանը:
Նա հավելեց, որ իրենց հետ Կառավարությունից որևէ մեկը մինչ այսօր որևէ շփում չի ունեցել. «Դրա համար ես կարծում եմ, որ մենք ինչ-որ բան անեինք, որը վնաս է տալիս, մեզ որևէ մարմին կզգուշացներ։ Ինչ անում ենք, դրանից տեղյակ է ՄԻՊ-ը և ՄԻԵԴ-ում մեր ներկայացուցիչը, այնպես որ, կարծում եմ՝ սխալ բան չենք անում և կոնտակտը պահում ենք»:
Ի պատասխան հարցի, թե Կառավարությունից ինչ ակնկալիք ունեն, Հրանտ Թոխատյանն ասաց, որ պատասխան են ակնկալում, թե ամենակարևոր հարցին ինչ լուծում են տալիս: «Հրատապ հարցեր այսօր շատ կան, բայց սա ամենակարևորն է: Վաղն էլ գնում ենք ՄԱՆ դեսպանատուն նամակ հանձնենք, մյուս օրը գնալու ենք Կառավարություն»,- հայտարարեց Թոխատյանը:
Դերասանը նշեց, որ մինչ հիմա չեն դիմել Կառավարություն, որովհետև ասել են՝ հարցով զբաղվում են, իսկ հիմա իրենք դիմում են մյուս երկրներին, որպեսզի նրանք էլ ճնշման տակ պահեն Ադրբեջանին, դրանով նույնպես օգնում են ՀՀ կառավարությանը, դրա համար կգնան, կտեսնեն արդյունքը, թե ինչ ունենք այսօր։
Հրանտ Թոխատյանը հավելեց, որ ինքը խնդրել է հանդիպում ԱՄՆ, ՌԴ, Ֆրանսիայի դեսպանների հետ: