Նոյեմբերի 14-ից մինչ օրս Արցախ են վերադարձել 25,2 հազար փախստականներ |azatutyun.am|

azatutyun.am: Անցած օրվա ընթացքում շուրջ 1,7 հազար փախստական է ավտոբուսներով վերադարձել Հայաստանից Լեռնային Ղարաբաղ՝ ռուս խաղաղապահների ուղեկցությամբ:

«2020 թվականի նոյեմբերի 29-ին ռուս խաղաղապահները ՀՀ տարածքից Լեռնային Ղարաբաղ ուղեկցեցին փախստականներով ավտոբուսների հերթական շարասյունը: Երևանից Ստեփանակերտ տեղափոխվեց 1699 մարդ», – ասված է Ռուսաստանի պաշտպանության նախարարության հաղորդագրությունում։

Ըստ հաղորդագրության՝ շաբաթ օրը Ռուսաստանի խաղաղապահների աջակցությամբ Հայաստանի տարածքից Լեռնային Ղարաբաղ է վերադարձել 2 հազար 431 մարդ:

Ընդհանուր առմամբ, Ռուսաստանի ռազմական գերատեսչության փոխանցմամբ, նոյեմբերի 14-ից մինչ օրս ավելի քան 25 հազար 200 փախստականներ վերադարձել են իրենց նախկին բնակության վայրեր:

Ռուսաստանի պաշտպանության նախարարությունն ընդգծել է, որ «հրադադարը պահպանվում է շփման գծի ողջ երկայնքով»:

Ռուսաստանի խաղաղապահ ուժերի և Կարմիր Խաչի միջազգային կոմիտեի համաձայնեցմամբ շարունակվում է զոհերի մարմինների որոնումն ու փոխանակումը:

«Ռուսաստանի խաղաղապահ զորախմբի զինծառայողները շարունակում են ականազերծել Լեռնային Ղարաբաղի տարածքը: Ընդհանուր առմամբ, ականազերծման ընթացքում մաքրվել է 24,67 հա տարածք, 8,2 կմ ճանապարհ, 83 բնակելի շինություն և սոցիալական նշանակության 3 օբյեկտ, հայտնաբերվել և վնասազերծվել են 766 պայթուցիկ առարկաներ», – մանրամասնում է հաղորդագրությունը:

Ռուս խաղաղապահները նաև օգնում են Ստեփանակերտի թիվ 8 դպրոցը պատրաստել դասերի վերսկսմանը: «Այսօրվա դրությամբ վերականգնվել է էլեկտրաէներգիայի և ջերմության մատակարարումը, փոխարինվել է պատուհանների 90 տոկոսը: Դպրոցը նախատեսվում է բացել դեկտեմբերի 2-ին», – հաղորդում է Ռուսաստանի պաշտպանության նախարարությունը:

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև

Թողնել մեկնաբանություն

Ձեր էլփոստի հասցեն չի հրապարակվի: Պարտադիր դաշտերը նշված են *-ով