tert.am: Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը հայտարարել է, որ Մոսկվան փորձում է հասկանալ՝ արդյոք այժմ արժե համագործակցել Եվրամիության կառույցների հետ, գրում է «ՌԻԱ Նովոստի» գործակալությունը:
«Մեր կողմից արդեն մտածում ենք ոչ թե այն մասին, որ գործենք սովորականի պես, թե ոչ, այլ ընդհանրապես փորձում ենք հասկանալ՝ արժե՞ արդյոք գործ ունենալ բրյուսելյան կառույցների հետ քանի դեռ դրանք այժմյան ձևով են աշխատում»,- մանրամասնել է նախարարը Մինսկում Ռուսաստանի և Բելառուսի արտգործնախարարների նիստի ժամանակ:
Նրա խոսքով՝ այժմ Եվրամիության հետ հարաբերությունները հեշտ չեն զարգանում, ինչը կապված է ոչ համագործակցային և հաճախ «ամբողջ Եվրախորհրդի աջակցությունը ստացող ԵՄ մի շարք երկրների ոչ բարեկամական վարքագծի հետ»:
Լավրովը նշել է, որ ԵՄ շատ երկրներ չեն կարող հրաժարվել այլ պետությունների հետ ուժեղի դիրքերից խոսելու իրենց ամբարտավան սովորությունից, ինչը թույլ չի տալիս վերականգնել փոխադարձ հարգալից, հավասար երկխոսությունը: