armtimes.com: Ազգային ժողովի «Բարգավաճ Հայաստան» խմբակցության ղեկավար Գագիկ Ծառուկյանի լիազորությունները դադարեցնելու հարցով Սահմանադրական դատարան դիմելու որոշումը ԲՀԿ-ականները քաղաքական հետապնդում որակեցին:
Ըստ նրանց՝ հիմնավորված չէր խորհրդի նիստում ներկայացված այն պնդումը, որ Ծառուկյանը, լինելով ԱԺ պատգամավոր, զբաղվում է առեւտրային գործունեությամբ: Նրանք ասում էին, որ իշխանությունները նպատակ ունեն կեղծ օրակարգով շեղել ուշադրությունը հետպատերազմյան Հայաստանում իրենց հրաժարականի պահանջից: Պնդում էին, որ այդ հարցը շարունակելու է մնալ իրենց օրակարգում:
Խորհրդի անդամ, «Իմ քայլը» խմբակցության ներկայացուցիչ Արման Եղոյանը լրագրողների հետ զրույցում անդրադառնալով քաղաքական հետապնդման վերաբերյալ կարծիքներին՝ հիշեցրեց, որ Ծառուկյանի պատգամավորական գործունեության անհամատեղելիության հարցով եզրակացությունը կայացրել է Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովը: Այս պահին այդ հանձնաժողովի 4 անդամները Կառավարության, ԲԴԽ-ի, «Լուսավոր Հայաստանի» եւ «Բարգավաճ Հայաստանի» ներկայացուցիչներն են, իսկ հանձնաժողովից ստացվել է 4 ստորագրությամբ եզրակացություն:
«Այսինքն այդ հանձնաժողովի 4 անդամներից միայն մեկն է Կառավարության ներկայացրած թեկնածուն, որը եւս ըստ օրենքի պետք է գործի անկախ: Բայց եթե նույնիսկ ենթադրենք՝ այդ մեկ թեկնածուն մեր քաղաքական ազդեցության տակ է, մյուս երեքն էլ հո մեր թեկնածուները չեն: Կառավարությունը կամ «Իմ քայլը» այդ հանձնաժողովում անդամ չունեն»,- ընդգծեց պատգամավորը:
Ինչ վերաբերում է հետպատերազմական այս շրջանում հասարակության ուշադրությունը շեղելուն՝ Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի նախագահ Հայկուհի Հարությունյանը ՀԺ-ի հետ զրույցում հիշեցրեց, որ Ծառուկյանի գործունեության վերաբերյալ վարույթը հարուցվել է դեռեւս հուլիսին, երբ երկրում ոչ պատերազմական դրություն էր:
– Տիկին Հարությունյան, ԱԺ խորհրդի նիստից հետո ԲՀԿ-ական պատգամավորները հայտարարեցին, որ դուք որեւէ փաստ չեք ներկայացրել Ծառուկյանի ձեռնարկատիրական գործունեությամբ զբաղվելու մասին: Ինչպե՞ս կարձագանքեք:
– Խնդիրն այն է, որ մեր եզրակացությունը վերաբերում էր պատգամավորական գործունեության անհամատեղելիության հետ կապված հարցին եւ ոչ թե ձեռնարկատիրական գործունեությամբ զբաղվելուն: Խոսքը վերաբերում է առեւտրային կազմակերպությունում այնպիսի լիազորություններ իրականացնելուն, ինչն արգելված է: Իրենք իրենց են մերկացնում, երբ որ շրջանառում են ձեռնարկատիրական գործունեությամբ զբաղվել տերմինը: Դա հանձնաժողովի եզրակացությունից բխող տերմին չէ:
– Իսկ պատգամավորական գործունեության անհամատեղելիության վերաբերյալ ներկայացված հիմնավորումները բավարա՞ր եք համարում:
– Հանձնաժողովը դեռեւս նախորդ շաբաթ էր հրապարակել այդ եզրակացությունը եւ հիմնավորումների տեսանկյունից հանրության դատին հանձնել: Այսինքն պարզ ու բաց ձեւով հարցերը դրված են հանրության, յուրաքանչյուր քաղաքացու առջեւ. արդյոք անձը, որ զբաղեցնում է պատգամավորի պաշտոն, ունի՞ այդ կարգավիճակը, կարո՞ղ է, թույլատրելի՞ է իրականացնել այնպիսի գործողություններ, որոնք կոնկրետ առեւտրային կազմակերպությունում կառավարում են ենթադրում. օրինակ՝ տնօրեն նշանակել, տնօրեն ազատել, ժողով հրավիրել, ժողով նախագահել, ստորագրել արձանագրության փաստաթղթերի տակ եւ այլն:
Եվ էստեղ ամենակարեւոր հարցադրումը հետեւյալն է հանձնաժողովի կողմից. նման վարքագիծը պատգամավորի գործունեությանը անհամատեղելի է դիտարկվել, որովհետեւ պատգամավորի մանդատը անձին մեծ անձեռնմխելիությամբ է օժտել, որ ուրիշ այլ գործունեությամբ չզբաղվի եւ իրականացնի բացառապես հանրության շահի պաշտպանությունը: Մինչդեռ նման գործողությունները վկայում են, որ անձի ներգրավումը առեւտրային գործունեության մեջ զբաղեցրել է նրան ու տարել է նրա ժամանակի առավելագույն մասը:
Նույն այս փաստերը հրապարակված են մեր եզրակացության մեջ: Եթե կարող են առարկել, թող առարկեն դրա ուղղությամբ: Նախորդ գումարման Ազգային ժողովի նիստերի առնվազն 83 տոկոսին պատգամավորը չի մասնակցել, էս գումարման նիստերի 60 տոկոսից բացակայել է, անձը որպես այդպիսին առեւտրային գործունեության մեջ առնվազն 10 անգամ իր բաժնեմասնակցությունը ավելացրել է:
Եվ դրանք արդեն կոնկրետ առարկայական դրսեւորվել են նրանով, որ օրինակ պատգամավորական գործունեության ամենավերջին ժամանակահատվածում առնվազն 14 անգամ պատգամավորը հանդես է եկել այնպիսի գործառույթների իրականացմամբ, որոնք վերապահված են կառավարչի լիազորություններին: Հիմա սրանք փաստեր են:
– ԲՀԿ-ական պատգամավոր Միքայել Մելքումյանն ասում է՝ վերցրել եք դրվագ, թե Ծառուկյանը որեւէ ժողովի է մասնակցել եւ բացահայտված չէ՝ ինքը որպես ի՞նչ է մասնակցել։
– Սա շատ կարեւոր հարց է, ձեր եւ մյուս լրագրողների մասնակցությամբ պետք է հանրային հարցադրում բարձրացվի՝ մի անգամ էս մի ժողովին մասնակցեց, հաջորդ անգամ մյուս ժողովին մասնակցեց, արդյոք սա թույլատրելի՞ է, թե՞ ոչ: Առավել եւս, երբ անձի դիրքավորման տեսանկյունից հանրությունը իր համար հստակ պատասխան ունի՝ Գագիկ Ծառուկյանը գործարա՞ր է, թե՞ ԱԺ պատգամավոր, թե՞ երկուսը միասին: Հիմա սրանք են հարցերը: Հանձնաժողովի եզրակացության առնչությամբ գնահատականի ու դատողությունների մակարդակում անվստահության հարցեր բարձրացնել, կարող են, իհարկե, բայց փաստաթուղթը հրապարակված է, փաստերը՝ հստակ շարադրված:
– Եվ որոշումը կայացնելու է Սահմանադրական դատարանը…
– Եվ որոշումը Սահմանադրական դատարանին է մնում: Հիմա էդտեղ հարցադրումը պատգամավորների համար հենց դա էր՝ հանդուրժելի՞ է նման վարքագիծը, եթե այո, հետագայում քաղաքական կոռուպցիայի զարգացման պատասխանատվությունը արդեն մնում է յուրաքանչյուր պատգամավորի ուսերին: Այստեղ արդեն հանրային դիսկուրսը պետք է այդ հարցին պատասխանի՝ նման դեպքերը, որոնք գեներացրել են քաղաքական կոռուպցիա, պիտի շարունակվե՞ն: Ամեն անգամ պիտի ասվի՝ մի հատ ոչինչ, երկրորդ անգամը ոչինչ, էս անգամը ներեցինք, ու դառնա արդեն շարունակվող վարքագի՞ծ, թե պիտի արդեն խիստ ու հստակ կեցվածքով սահմանվի արգելք:
Շարունակությունը՝ armtimes.com-ում