«Հայկական Կարիտաս» բարեսիրական հասարակական կազմակերպության կողմից այսօր անցկացվել է կլոր սեղան՝ «Արտակարգ իրավիճակների արձագանքման ծրագրեր և միջոցառումներ Շիրակի մարզում՝ Արցախից տեղահանված ընտանիքների համար» թեմայով։
Այս մասին տեղեկացնում է Շիրակի մարզպետարանը:
Քննարկմանը մասնակցել են Շիրակի մարզպետ Տիգրան Պետրոսյանը, մարզպետարանի ոլորտային պատասխանատուները, շահագրգիռ մի շարք պետական և հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչներ։
Հանդիպման մասնակիցները մեկ րոպե լռությամբ հարգել են ադրբեջանական ագեսիան հետ մղելիս զոհված հերոս քաջորդիների հիշատակը։ Շիրակի մարզպետը ողջունել է քննարկման մասնակիցներին և նշել, որ կարևորում է այս ծանր ու օրհասական օրերին տարբեր կառույցների համագործակցությունը, որի շնորհիվ հնարավոր է եղել կազմակերպել Արցախից տեղահանված և Շիրակի մարզում հաստատված ընտանիքներին աջակցության տրամարդումը։
Մարզպետը շնորհակալություն է հայտնել բոլոր կազմակերպություններին՝ համատեղ աշխատանքի և համագործակցության համար և նշել, որ պետական մարմինների, անհատների, հասարակական ու համայնքային կառույցների գործակցության արդյունքում է հնարավոր եղել իրականացնել մի շարք նախաձեռնություններ, որոնք շարունակակական բնույթ են կրելու։
Հայկական Կարիտասի ծրագրերի ղեկավար Անահիտ Գևորգյանը նշել է, որ այս ընթացքում կազմակերպությունն աջակցել է Արցախից տեղահանված 2240 ընտանիքի` Շիրակի, Լոռու, Գեղարքունիքի և Արարատի մարզերում: Կազմակերպությունների պատասխանատուները ներկայացրել են այս ժամանակահատվածում իրականացրած աշխատանքները։
Հանդիպման մասնակիցները կարևորել են ստեղծված իրավիճակում աշխատանքների և ծրագրերի համակարգված իրականացումը, համագործակցության շարունակականության ապահովումը: