tert.am: Ֆրանսիայի իշխանությունները հավանության են արժանացրել և սկսում են իրականացնել Լեռնային Ղարաբաղում հակամարտության հետևանքով տուժած հայերին լայնամասշտաբ օգնություն տրամադրելու ծրագիրը: ТАСС գործակալության փոխանցմամբ՝ այս մասին կիրակի հայտնել է Ֆրանսիայի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչը:
«Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի և ԱԳ նախարար Ժան-Իվ Լե Դրիանի հրամանագրով Ֆրանսիան սկսում է կյանքի կոչել ԼՂ հակամարտությունից տուժած հայ բնակչությանն օգնություն տրամադրելուն ուղղված համակարգված ջանքերը: Օգնության համակարգի շրջանակներում, որը ղեկավարելու են հատուկ հանձնաժողովն ու ԱԳՆ ճգնաժամային կենտրոնը, կմոբլիզացվեն պետական կառույցները, Հայաստանի հետ համերաշխության ասոցիացիաները, հումանիտար ասոցիացիաները, որոնք ընդգրկված են Coordination Sud կազմակերպության կազմում»,- ասվում է ֆրանսիական գերատեսչության հաղորդագրության մեջ:
Գերատեսչության տվյալներով՝ օգնությունը տրամադրվելու է երեք ոլորտներում: Առաջին ոլորտը վերաբերում է բժշկական օգնությանը:
«Վիրաբույժների և բժշկական սարքավորումների տեսքով առաջին շտապ օգնության ուղարկումից հետո այժմ նոր ավիաչվերթների ամբողջական շարք կիրականացվի: Նման ինքնաթիռներից մեկը կիրակի արդեն ժամանել է Երևան: Այն բժշկական իրեր, մասնավորապես՝ 500 մարդու համար նախատեսված դաշտային շարժական հիվանդանոց, ինչպես նաև ծածկոցներ, հիգիենայի պարագաներ է հասցրել»,- հայտնում է աղբյուրը:
Երկրորդ ինքնաթիռի չվերթը նախատեսված է նոյեմբերի 27-ին: Այն տեղ կհասցնի սոցիալական նշանակության ապրանք, այդ թվում՝ Ազնավուրի հիմնադրամի և Հայերին աջակցության հիմնադրամի կողմից:
Աջակցության երկրորդ ոլորտը կլինի երկու երկրի միջև հիվանդանոցային համագործակցության ուժեղացումը, ինչը կֆինանսավորվի ֆրանսիական ԱԳՆ-ի կողմից:
«Զվարթնոց» օդանավակայանն էլ տեղեկացրել է, որ արեն Երևան է ժամանել Ֆրանսիայի կառավարության մարդասիրական օգնությունը տեղափոխող առաջին ինքնաթիռը։