aysor.am։ Եթե դատարանների նկատմամբ ճնշում չգործադրվի, դատարաններն ունակ են օբյեկտիվ դատական ակտ կայացնել, այսօր Վերաքննիչ դատարանում Ռոբերտ Քոչարյանի գործով դատարանի որոշման հրապարակումից հետո լրագրողների հետ ճեպազրույցում ասաց Մարտի 1-ի գործով տուժողների ներկայացուցիչ, փաստաբան Սեդա Սաֆարյանը։
Փաստաբանը պնդեց, որ տուժողների ներկայացուցիչների ու դատախազների ներկայացրած միջնորդությունները հիմնավոր էին, և Երևանի ընդհանուր իրավասության դատարանը՝ դատավոր Դավիթ Գրիգորյանի նախագահությամբ, կոպիտ խախտումներով էր որոշում կայացրել, իսկ խափանման միջոցը փոխելու որոշումը կայացնելիս չէր ուսումնասիրել գործի նյութերը։
«Եթե դատավոր Դանիելյանը գտավ, որ կարող է հաղթահարել իր մեջ ստեղծված արգելքը, կայացնել այս կարգի արդար վճիռներ, ուրեմն լավ է», – ավելացրեց Սաֆարյանը։
Փաստաբանը նկատեց, որ Երևանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Դավիթ Գրիգորյանը, որը Քոչարյանի և մյուսների գործը որոշել էր կասեցնել ու ուղարկել Սահմանադրական դատարան, չի կարող դատաքննություն իրականացնել։
«Ես կարծում եմ, որ Դավիթ Գրիգորյանը պետք է ինքնաբացարկ հայտնի։ Նա խափանման միջոցի քննության ժամանակ էլ երկու անգամ ինքնաբացարկ է հայտնել և ես շատ եմ ցավում, որ չի կարողացել իր մեջ երրորդ անգամ ուժ գտնել և ճիշտ որոշում կայացնել», – ասաց Սաֆարյանը։
Նկատենք, որ այսօր Ռոբերտ Քոչարյանի և մյուսների գործով Վերաքննիչ դատարանը՝ դատավոր Արմեն Դանիելյանի նախագահությամբ, բավարարել էր մեղադրող դատախազների, ինչպես նաև տուժողների, տուժողների իրավահաջորդների միջնորդությունները։
Դատարանը որոշել էր բեկանել Երևանի ընդհանուր իրավասության դատարանի որոշումը՝ Մարտի 1-ի գործով վարույթը կասեցնելու և Սահմանադրական դատարան դիմելու մասին։
Դանիելյանը նաև որոշել էր վերացնել Երևանի ընդհանուր իրավասության դատարանի որոշումը՝ Քոչարյանի խափանման միջոց կալանքն անձնական երաշխավորությամբ փոխելու մասին, ինչը նշանակում է, որ Քոչարյանը դարձյալ կկալանավորվի։