azatutyun.am։ Մեկնարկել է Ազգային ժողովի նախկին պատգամավոր, գեներալ-լեյտենանտ Մանվել Գրիգորյանի և նրա կնոջ՝ Նազիկ Ամիրյանի գործով դատական նիստը։
Մանվել Գրիգորյանը ներկա է դատական նիստին։
Լրագրողների հարցին, թե ինչպե՞ս է ինքնազգացողությունը, Գրիգորյանը պատասխանեց. – «Գրեք՝ լավ»։
62-ամյա Գրիգորյանը մեղադրվում է ապօրինի կերպով զենք-զինամթերք պահելու, ավելի քան 101 միլիոն դրամի գույք յուրացնելու, ավելի քան 1 միլիարդ դրամի հարկերի վճարումից խուսափելու, պետական միջոցներից ավելի քան 1 միլիարդ դրամ վատնելու և շորթմամբ 37 միլիոն դրամ արժողությամբ գույքի հափշտակությունը կազմակերպելու մեջ:
Նազիկ Ամիրյանը մեղադրվում է ամուսնու, որդու՝ Արման Գրիգորյանի և քննությամբ չպարզված այլ անձանց հետ նախնական համաձայնությամբ ապօրինի կերպով իրենց պատկանող երեք տներում ռազմամթերք, պայթուցիկ նյութեր պահելու, ինչպես նաև տարբեր տեսակի հափշտակություններ կատարելու մեջ։
Նախորդ նիստին մեղադրող դատախազները միջնորդություն ներկայացրեցին Մանվել Գրիգորյանին երկրորդ անգամ միջգերատեսչական հանձնաժողովային դատաբժշկական փորձաքննության ենթարկելու համար։ Մեղադրող դատախազ Վահե Դոլմազյանն ասաց՝ փորձաքննությունը բխում է նաև Գրիգորյանի շահերից։