Իրավիճակն այս պահին Արցախի Հանրապետությունում բավականին հանգիստ է, վերահսկելի, մարտական գործողություններն ամբողջովին դադարեցված են, հատուկենտ կրակոցներ են լինում: Շատ լուրջ լռություն է տիրում: Այս մասին Պետրոս Ղազարյանին տված հարցազրույցում հայտնեց ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը։
«Շատ արագ տեղակայվում են ՌԴ խաղաղարար ուժերը: Տեղակայումն իրականացվում է Հայաստանից` Գորիսով, Լաչինով դեպի Ստեափաներտ, որից հետո արդեն խաղաղարար ուժերը կտեղակայվեն ԼՂ-ի սահմանների և շփման գծի երկայնքով»,- նշեց նախարարը:
Անդրադառնալով այն հարցին, որ շատերը դավաճանություն են որակել Հայաստանի վարչապետի և Ռուսաստանի ու Ադրբեջանի նախագահների ստորագրած համաձայնագիրը՝ Տոնոյանն ասաց․
«Ես վիրավորական եմ դիտարկում այդպիսի պիտակավորումները, որովհետև ԶՈՒ-ն, ՊՆ ամբողջ համակարգն՝ իր զինվորականներով, և զորահավաքային ռեսուրսը, կառավարությունը, սփյուռքը արել են առավելագույնը, որ մենք կարողանանք հաջողության հասնել»:
Տոնոյանի խոսքով՝ աշխարաքաղաքական իրավիճակն այնպիսին էր, որ մենք գործել ենք սպառազինության և ռազմական տեխնիկայի մատակարարման առումով տոտալ բլոկադայում:
«Այն, ինչ կատարվել է թիկունքային ապահովման և սպառազինության, տեխնիկայի ապահովման տեսանկյունից, կարելի է, բացի ռազմական գործողություններից, նաև հերոսամարտ անվանել: Արվել է անհնարինը»,- ասաց նա:
Տոնոյանը վստահեցրեց, որ ԶՈՒ-ն՝ ժամկետային պարտադիր զինծառայողներից մինչև գեներալներ, մոբիլիզացիոն ռեսուրս, կատարել է առավելագույն հնարավորինը:
«Մենք դիմակայել ենք շատ մեծ ուժի՝ Ադրբեջանի գերսպառազինված ԶՈՒ-ին: Եվ եթե ինձ կարող են հարցնել` ինչո՞ւ դուք սպառազինված չէիք, սպառազինված ենք եղել, բայց քանակական առումով և ռեսուրսների առումով, ես կարծում եմ, ՀՀ-ի և Ադրբեջանի հնարավորություններն անհամեմատելի են»,- ասաց նախարարը։