Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանը տեսաուղերձ է հրապարակել, որը ներկայացնում ենք ստորև (ուղերձի առաջին հատվածը՝ այստեղ)․
«Ես խոնարհվում եմ առաջին հերթին մեր զինվորների առջև, աշխարհի ամենահերոս տղերքն են եղել մեր ժամկետային զինծառայողները: Խոնարհվում եմ բոլոր զոհվածների ընտանիքների, հարազատների առջև: Ստիպված էինք, որ այդ նույն ժամկետային զինվորների կյանքը խնայեինք, փրկեինք:
Իհարկե, կարող եք ասել՝ ինչու մենք ժամանակին տեղեկացված չէինք այդ վիճակից։ Կոչ եմ արել Աղդամից, այս նույն աթոռից, հիշեցնելով՝ սիրելի հայրենակիցներ, ձեր կարիքն ունենք: Հոկտեմբերի 29-ին Շուշիից՝ Ղազանչեցոց եկեղեցու առջև, ասել եմ Շուշին վտանգված է, դիրքերը գտնվում էին 5 կիլոմետր հեռավորության վրա, ավելի ճիշտ` հակառակորդը:
Վիճում էին՝ Շուշին մեր ձեռքն էր, թե չէ, բայց Շուշիում մենք հիմնական վերահսկողությունը կորցրել ենք նոյեմբերի 5-ից, ամբողջությամբ՝ նոյեմբերի 7-ից:
Չէինք ուզում հավատալ, որ կորցնում ենք հայրենիքն ամբողջությամբ, չէինք ուզում հավատալ, անհնարին էր արդեն կռվել այն եղած ռեսուրսներով` մարդկային և զինտեխնիկայի, որ կային: Շատ երկար փորձում էինք բանակցության սեղանի շուրջ քննարկել և կանգնեցնել: Հնարավոր չէր։ Իհարկե, ես բանակցություններին չեմ մասնակցել, բայց խնդիրները մեծ էին:
Կողմ էի, որովհետև հուսահատված չէի. եթե հուսահատված լինեի, կմտածեի շարունակել կռիվը կյանքի գնով՝ հասկանալով, որ պարտվելու ու կորցնելու ենք Արցախը: Ամեն ինչ առջևում է: Արցախը, հայ ազգը, Հայաստանը… Շատ ծանր օրեր ենք ունեցել պատմության մեջ, բայց կարողացել ենք, ինչ-որ տեղ իմաստուն որոշումներ կայացնելով, հետագայում՝ ճիշտ ճանապարհով ընթանալու, և նաև հաջողություններ արձանագրելով:
Իսկ ո՞վ է ասել, որ դրանով ավարտվում է ամեն ինչ. դրանով սկսվում է։ Մենք որոշում կայացնելու, ավելի սթափ որոշում կայացնելու հնարավորություն ունենալու ենք: Դրա համար մեզ պետք է համերաշխություն առաջին հերթին Հայաստանում, Արցախում, հայ ժողովրդի մեջ: Մեր ամենամեծ հակառակորդը եղել են պառակտումն ու խուճապը: Համազգային խնդիրները դեռ առջևում են, մեր տեսիլքը դեռևս չի մարել, հակառակը, մենք ունենք երազանք, ունենք երազած հայրենիք… Դրա համար պետք է պահպանել համերաշխությունը և զերծ մնալ այնպիդի երևույթներից, որոնք հարիր չեն մեր ազգին:
Ես սկսել եմ արդեն կոնսուլտացիաներ Ղարաբաղի քաղաքական գործիչների, ռազմական գործիչների, քաղաքական ուժերի հետ: Ամբողջ գիշեր բոլորի հետ շփվում էի: Բոլորը պատրաստակամ են համագործակցել: Այսօր արդեն հանդիպել եմ ՀՅԴ-ի ներկայացուցչի, Վիտալի Բալասանյանի, Բակո Սահակյանի, Արկադի Ղուկասյանի հետ, հեռախոսազրույցներ եմ ունեցել տարբեր ռազմական գործիչների, Լևոն Մնացականյանի, Սամվել Կարապետյանի, Արթուր Աղաբեկյանի հետ: Եկել ենք մի համաձայնության, որ պետք է ցանկացած որոշում կայացնելուց առաջ միասին կատարենք:
Քաղաքացիական պատերազմը, անհանդուրժողականությունը ավելի մեծ սպառնալիք են մեր երկրի համար՝ ոչ միայն Արցախ աշխարհի, այլև Հայաստան աշխարհի:
Առաջիկայում ավելի մանրամասն կներկայացնեմ Արցախում մեր քայլերի առումով: Բոլորի հետ քննարկելուց հետո կներկայացնեմ: Վերջին օրերին շատ քննարկումներ եմ ունեցել: Բոլորն էլ միակարծիք էին. փորձել ժամանակավոր կամ մշտական զինադադար ունենալ: Բոլորն էլ նույն կարծիքին էին, որ ցանկացած փաստաթուղթ պետք է չոտնահարի մեր արժանապատվությունը, դրա համար մենք հասկանում ենք, որ անխուսափելի էր զինադադար ունենալը, և մենք պարտավոր էինք գնալ այդ քայլին»։