armenpress.am: Բելգիայի հայ համայնքի ներկայացուցիչները Եվրոպական Միության արտաքին գործերի ծառայության Արևելյան գործընկերության երկրների հետ հարաբերությունների բաժնի` Հայաստանի, Ադրբեջանի և Բելառուսի հարցերով զբաղվող թիմի ղեկավար Ջիանմարկո Սկուպայի հետ քննարկել են Լեռնային Ղարաբաղի հակամարտությանն առնչվող մի շարք հարցեր:
Հանդիպմանը մասնակցել են Բելգիայում Հայաստանի հարցերով զբաղվող անկախ իրավաբանը, Եվրախորհրդարանում քաղաքականության մշակման հարցերով զբաղվող խորհրդատուն, Բելգիայի հայ կոմիտեի, ինչպես նաև Մարդու իրավունքների ու ազատությունների պաշտպանության միջազգային դաշինքի ներկայացուցիչները:
Հանդիպման նպատակը եղել է հոկտեմբերի 28-ին հայ համայնքի անունից Եվրախորհրդարան ներկայացված մի շարք պահանջների քննարկումը: Դրանք վերաբերվում էին Թուրքիայի և Ադրբեջանի դեմ պատժամիջոցներ սահմանելուն, շփման գծի երկու կողմերում մոնիտորինգ անցկացնելուն և Թուրքիային ՆԱՏՕ-ի անդամակցությունից զրկելուն: Քննարկվել են Արցախի ճանաչման, ինչպես նաև կասետային ռումբերի ու ֆոսֆորային զենքերի օգտագործումը կանխելու ուղղությամբ հստակ քայլեր կիրառելու վերաբերյալ հարցեր:
Եվրոպացի բարձրաստիճան պաշտոնյային ներկայացվել են բազմաթիվ փաստեր Արցախում մարդու իրավունքների կոպտագույն խախտումների վերաբերյալ, ինչպես նաև էկոլոգիական բոլոր այն խնդիրները, որոնք այսօր ծառացել են Արցախի առաջ:
Հանդիպման մասնակից իրավապաշտպան Սարգիս Սիմոնյանն ընդգծել է, որ Արցախում տեղի ունեցող վայրագությունները կանխելուն միտված քայլեր չձեռնարկելը ոչ միայն չի տեղավորվում ժողովրդավար Եվրոպայի սկզբունքների համատեքստում, այլև նպաստում է նոր հանցագործությունների կատարմանն ու տեռորիստական խմբավորումների ակտիվացմանը:
Շարունակությունը՝ armenpress.am-ում