Ափամերձ գյուղերից Սեւանա լիճ թափվող կենսաբանական աղբի, կոյուղաջրերի, գյուղատնտեսական ու արտադրական թափոնների հետեւանքով լիճը կրկին ճահճացման վտանգի առջեւ է: ՀՀ ԱԺ տարածքային կառավարման, տեղական ինքնակառավարման, գյուղատնտեսության եւ բնապահպանության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Վարազդատ Կարապետյանի դիտարկմամբ, Սեւանի ափամերձ համայնքներում մաքրման կայաններ ընդանրապես չկան, կոյուղիները ենթարկվում են միայն ֆիզիկական մաքրման, դրանցից հեռացվում են ենթադրենք պլաստիկե շշերը, իսկ քիմիական բաղադրությունը ամբողջությամբ լցվում է լիճը:
Այս գործոնները նպաստում են կապտականաչ ջրիմուռների զարգացմանը եւ ձկնային պաշարների սակավացմանը: Իրավիճակը շտկելու համար մյուս տարվա բյուջեում պետք է կատարվեն հատկացումներ: Անդրադառնալով Գեղարքունիքի մարզի աղբահանության խնդրին` պատգամավորն ասել է, որ Սեւանը մաքրվելու է անկախ այն բանից, թե աշխատանքներն ամբողջապես ավարտելու համար որքան գումար է ծախսվելու:
«Մաքրման մրցույթը հայտարարված է ոչ թե այս տարվա գումարի շրջանակներում, այլ ամբողջ տարածքի համար: Աննախադեպ բան է: Մաքրումն իրականացվելու է անկախ հատկացված գումարի չափից: Ամենայն հավանականությամբ մոտ մեկ ամսից աշխատանքներն արդեն սկսված կլինեն»,-տեղեկացրել է նա: