civilnet.am: Ղարաբաղյան հակամարտությունը սառեցված վիճակում ձեռնտու էր բոլորին, բացի Բաքվից․ հոկտեմբերի 26-ին Ադրբեջանի ժողովրդին հղած ուղերձում հայտարարել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը, հաղորդում է «Ռիա Նովոստին»։
«Երևանը ցանկանում էր նման արդյունք, որպեսզի բանակցությունները հավերժ լինեին, որպեսզի մեզ մշտապես խաբեին, որպեսզի այս խնդիրը սառեցված լիներ, ընդմիշտ մնար, և մեր տարածքները մշտապես լինեին գրավված»,- ասել է Ալիևը։
Նրա խոսքով՝ Արցախում ստեղծվել է «նոր իրականություն», որի հետ պետք է հաշվի նստի պաշտոնական Երևանը։
Ալիևը հայտարարել է, որ Բաքուն Ղարաբաղի հարցում «մինչև վերջ կգնա», իսկ Հայաստանը, ըստ նրա, պետք է դուրս բերի զորքերը Արցախից, սակայն դրան միտված որևէ ժամանակացույց չի ներկայացնում։
«Մեր դիրքորոշումը մնում է անփոփոխ»,- ասել է Ադրբեջանի նախագահը՝ բողոքելով նաև ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահությունից։
«Ի՞նչ գործունեություն է ծավալում այդ Մինսկի խումբը։ Ցանկանո՞ւմ են նրանք ճնշում գործադրել հայկական կողմի վրա։ Ոչ։ Ես այս հարցը մեկ անգամ չէ, որ բարձրացնում եմ. եթե դուք ցանկանում եք խնդիրը լուծել, հարկավոր է պատժամիջոցներ կիրառել Հայաստանի նկատմամբ»,- ասել է Ադրբեջանի ղեկավարը։