Esterox ծրագրավորման ընկերության աշխատակիցների միացյալ ջանքերով ստեղծված Giver նախաձեռնությունը պատերազմական այս օրերին իր աջակցությունն է առաջարկում Արցախից ժամանած ընտանիքներին, ինչպես նաեւ պատերազմական իրավիճակում տուժած այլ քաղաքացիների:
Giver.am ընկերությունն ի սկզբանե ստեղծվել է, որպեսզի մարդիկ միմյանց նվերներ փոխանցեն։
Նախաձեռնության պատասխանատու Փեփի Գալոյանը մեր զրույցում ներկայացրեց, որ ինչ-որ մեկը գրանցվում էր կայքում, նվեր տեղադրում, մյուսը` գրանցվում, ստանում էր նվերը, սակայն պայմանավորված ստեղծված պատերազմական իրավիճակով` ընկերության տնօրեն Արմեն Ադամյանի մոտ միտք առաջացավ՝ կայքն օգտագործել Արցախից եկած ընտանիքներին աջակցելու համար:
Գաղափարի իրագործման համար ընկերությունը սկսել է համագործակցել ՀՀ աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարության հետ, ապա ստեղծել հիմնադրամ, որպեսզի ե՛ւ ընկերությունը, ե՛ւ ընկերության արտասահմանյան գործընկերները կարողանան ֆինանսավորել եւ այդպիսով աջակցել արցախցիներին։
Գալոյանի խոսքով` մի քանի ընտանիքների հետ ծանոթանալուց հետո հասկացել են, որ նրանք նաեւ հոգեբանական աջակցության կարիք ունեն, բաց մնացած իրավական հարցեր, հաճախ չգիտեն՝ առողջապահական, սոցիալական աջակցություն ստանալու, նպաստների համար որտեղ դիմել:
«Մտածեցինք, որ ընտանիքներին կարող ենք աջակցել` նրանց հարցերին պատասխանելով, ներգրավեցինք մասնագետներ, երբ արդեն մի քանի ընտանիքի էլ գիտեինք, տեղի ունեցավ հանդիպումը: Մասնագետները եւ Արցախից եկած ընտանիքները քննարկեցին հոգեբանական, իրավական, սոցիալական հարցեր»,- ասաց մեր զրուցակիցը՝ հավելելով, որ շարունակելու են աջակցել ընտանիքներին:
Կայքում ավելանալու է նաեւ կարիքների բաժին, այն արդեն ծրագրավորման փուլում է, այստեղ Արցախից եկած ընտանիքները հնարավորություն կունենան գրանցվել եւ գրել իրենց կարիքները: Նախաձեռնության անդամներն էլ փորձելու են հոգալ այդ կարիքները՝ իրենց արտասահմանյան գործընկերների կամ այլ ցանկացողների աջակցությամբ:
Նախաձեռնության միջոցով ընտանիքներին կարող են աջակցել բոլոր ցանկացողները` տրամադրելով Արցախից ժամանած ընտանիքների կոնտակտային տվյալներ, փոխանցելով սնունդ, հագուստ, դեղորայք եւ խնամքի պարագաներ, ունենալով ֆինանսական ներդրում:
Հավաքագրված ապրանքները` սնունդը, դեղորայքը, հիգիենայի պարագաները Արցախից եկած ընտանիքներին հասցնելու համար Giver նախաձեռնությանը անհրաժեշտ են նաեւ կամավորներ` հատկապես մարզերից։ Նախաձեռնությունը հավաքագրում է նաեւ վարորդ եւ ադմինիստրատիվ աշխատնքով զբաղվող կամավորների:
Զարա Խաչատրյան