Այսօր հարավային ուղղությամբ գրեթե ողջ օրը ադրբեջանական զինված ուժերի ստորաբաժանումները փորձել են գրոհել Որոտանի ուղղությամբ, հարձակման մի քանի փորձեր տապալվել են, որից հետո, զգալի կորուստներ կրելով, հետ են շպրտվել: Այս մասին այսօր տեղի ունեցած ասուլիսի ժամանակ ասաց ՀՀ ՊՆ ներկայացուցիչ Արծրուն Հովհաննիսյանը։
«Որոշ ստորաբաժանումներ կազմալուծվել են, կորցնելով զրահատեխնիկան՝ դիմել են փախուստի և փորձել են պատսպարվել մոտակա ձորակներում և անտառներում: Բերձորից հարավ՝ կոնկրետ ուղղությունը դեպի Հակարի գետով հյուսիս, հետ է մղվել դեպի էլ ավելի հարավ մեր զինված ուժերի հարձակումների ազդեցության տակ»,- նշեց նա։
Հովհաննիսյանի խոսքով՝ ընդհանուր առմամբ, լարվածությունը պահպանվում է:
«Հիմնական մարտերն ընթանում են օջախային, հստակ բնագծեր չկան այս ուղղությամբ: Տարբեր ճանապարհների, գետերի, հանգույցների շուրջ փորձում են հարձակումներ իրականացնել, որոնք մեր զինված ուժերը չեզոքացնում են»,- ընդգծեց նա։
Նա նշեց, որ սա է իրերի իրական դրությունը:
«Ես մշտապես նշել եմ ու նշում եմ. մեր հաջողությունները հաստատուն են, պատերազմը լարված է, ծանր է: Շատ հաճախ լինում են իրավիճակներ, որ, ոմանց ընկալմամբ, տեղային փոքր տեղեկությունների հիման վրա, թվում են անելանելի: Սակայն, այդպես չէ: Մեր զինված ուժերը լիովին տիրապետում են իրավիճակին և հակառակորդին տարբեր ուղղություններով, տարբեր հատվածներում, չնայած նրան, որ հակառակորդը որոշ տեղերում ունի առաջխաղացումներ, հասցնում են կործանարար հարվածներ: Մարտական գործողությունները շարունակվում են գիշեր թե ցերեկ»,- եզրափակեց Հովհաննիսյանը։